Կառավարության որոշմամբ 4 մլրդ 52 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել մարզերում 37 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները մեկնարկելու և 5 դպրոցում նախակրթարաններ հիմնելու նպատակով։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված կապիտալ ծախսերում։
Համաձայն ընդունված որոշման՝ պետական ֆինանսավորում կտրվի նաև դպրոցների և մանկապարտեզների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև «Հրազդան» մարզադաշտի տեխնիկական վիճակի հետազննության համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ են ձեռքբերվելու 74 դպրոցի և 2 մանկապարտեզի նորոգման համար․ այս աշխատանքներին կհատկացվի 513.6 մլն դրամ: Հրազդան մարզադաշտի տեխնիկական վիճակի հետազննության ծառայության արժեքը կկազմի 8.4 մլն դրամ։
Միջոցների մեծ մասը՝ ավելի քան 3,5 մլրդ դրամ, կուղղվի 37 մանկապարտեզի (5-ը՝ Արագածոտնում, 5-ը՝ Արարատում, 2-ը՝ Արմավիրում, 5-ը՝ Գեղարքունիքում, 4-ը՝ Լոռիում, 3-ը՝ Կոտայքում, 3-ը՝ Շիրակում, 2-ը՝ Սյունիքում, 3-ը՝ Վայոց ձորում, 5-ը՝ Տավուշում) հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներին:
Հիմնանորոգվող և վերանորոգվող մանկապարտեզների ցանկը՝ կից:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները կպարգևատրվեն՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար: Այս նպատակով հատկացվել է 141 մլն դրամ: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա հունվարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ հայտնվելով Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ:
Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։
Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ:





























