Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների շահերի պաշտպանության կազմկոմիտեն փետրվարի 23-ին ժամը 16:00-ին Ախթալայի կենտրոնական հրապարակում հրավիրել է «Ախթալայի ԼՀԿ» աշխատակիցների եւ բնակչության հավաք:
Այս առնչությամբ, Կոմբինատի աշխատակիցները հանդես են եկել նամակ-հրավերով, որտեղ նշվում է.
«Մենք` Ախթալայի ԼՀԿ-ի մի խումբ աշխատակիցներս, փետրվարի 20-ին բաց նամակով դիմել էինք ՀՀ նախագահին, ներկայացնելով օֆշորային գոտում գրանցված «Մեթըլ Փրինց» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների համար ստեղծված անհանդուրժելի աշխատանքային, սոցիալական, աշխատանքի անվտանգության, բնապահպանության հարցերին եւ Ախթալա, Շամլուղ քաղաքներում Ախթալայի ԼՀԿ -ին պատկանող օբյեկտներում առկա անմխիթար վիճակին վերաբերող հարցեր: Փորձելով մոլորեցնել հասարակությանը, Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը փետրվարի 23-ին ժամը 14:00-ին Ախթալա քաղաքում հրավիրել է մամլո ասուլիս` սահմանափակ թվով լրատվամիջոցների համար:
Հաշվի առնելով, մոտ 600 աշխատակիցների զգալի մասի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ Ախթալա եւ Շամլուղ քաղաքների սոցիալ-մշակութային, բնապահպանական, համայնքային զարգացման խնդիրների կարեւորությունը` Ախթալայի ԼՀԿ-ի աշխատանքային շահերի պաշտպանության կազմկոմիտեն փետրվարի 23-ին ժամը 16:00-ին Ախթալայի կենտրոնական հրապարակում հրավիրել է Ախթալայի ԼՀԿ-ի աշխատակիցների եւ բնակչության հավաք, ուր մենք կներկայացնենք մեզ հուզող հարցերը եւ կպատասխանենք լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նախատեսվում է նաեւ շրջայց Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող պոչամբարների, բաց հանքի տարածք:
Ավտոբուսները շարժվելու են Երեւան քաղաքի Շահումյան հրապարակից առավոտյան ժամը 10:00-ին, հետվերադարձը ժամը` 17:00-ին Ախթալա քաղաքից:
Կազմակերպիչները հոգում են նաեւ Երեւանից ժամանածների սննդի հարցը»:




























