Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրինությունն, այսօր` փետրվարի 23-ին, ասուլիս է հրավիրել եւ հերքել կոմբինատի աշխատակիցների պնդումները, թե իրենց աշխատավարձերը չեն վճարում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է Վանաձորի մեր թղթակիցը:

Բնակիչները պնդում են, որ իրենց համար չկան բավարար պայմաններ, իսկ սննդի, հավելյալ աշխատավարձերի համար վճարումներ չեն լինում: Ասուլիսին նշվել է, որ ախթալացիների բողոքին է միացել նաեւ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ աշխատակիցներին շահագործում են` խախտելով նրանց իրավունքներ:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հաշվապահ Արամ Սոխակյանը ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ աշխատավարձերը տրամադրվել են օրենքին համապատասխան: Այնինչ, բնակիչները ստորագրահավաք են իրականացրել, որով պատրաստվում են խնդրի մասին մեկ անգամ եւս տեղեկացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակի տակ ստորագրել են 100-ից ավելի քաղաքացիներ, որոնք, սակայն, այսօր չեն մասնակցել Ախթալայի կենտրոնում տեղի ունեցած հավաքին, վախենալով, որ կհեռացնեն աշխատանքից:

Բողոքի գործողությանը մասնակցող աշխատակիցները եւս խուսափում էին տեսախցիկների առաջ դժգոհություն արտահայտել իրենց աշխատանքային պայմաններից, սակայն լրագրողների հետ առանձնազրույցում մի շարք դժգոհություններ էին ներկայացնում:

Ավելի վաղ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով այն խոսակցություններին, թե այս ամենն արվում է իր կողմից, որպեսզի օգտվելով Սերոբ Տեր-Պողոսյանի շուրջ ծագած պատմությունից, կոմբինատն «իրենով անի» ասել էր. «Գործարանում աշխատում է շուրջ 600 մարդ: Այդ 600 հոգու մեջ մի խելացի մարդ չկա՞, որ նրանցից մեկին հնարավոր չլիներ ուղղորդել: Սերոբ Տեր-Պողոսյանին ձերբակալեցին, ասացին Խաչիկյաններն են սարքել, որպեսզի կոմբինատը ձեռքներից խլեն: Հիմա էլ նույն բանն են ասում»:

Հարցին, թե ցանկանում է ասել, որ կոմբինատին տիրանալու ցանկություն չունի՞, Խաչիկյանը պատասխանել էր. «Խնդիրը դա չէ, այլ այն, որ կոմբինատի աշխատակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն կապված աշխատավարձի, աշխատանքային պայմանների, առողջության, սննդի հետ եւ այդ մարդիկ արդեն չեն կարողանում համբերել: Հիմա, որ դիմում են ինձ, ես ի՞նչ ասեմ` ասեմ ստորագրություն մի՞ հավաքեք»: Քաղաքապետը մանրամասնել էր, որ վնասակար աշխատանքով զբաղվողներին պետք է սնունդ հատկացնեն, բայց 2006 թվականից հետո դադարեցրել հատկացումը, այնինչ Թեղուտի աշխատակիցներին պարտադիր սնունդ են տալիս: Իսկ աշխատավարձի հետ կապված 2008թ-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառաբանությամբ աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով նվազեցրել են ու մինչ հիմա չեն բարձրացրել:Հայկազ Խաչիկյանից նաեւ տեղեկացանք, որ կոմբինատի աշխատակիցների միջին աշխատավարձը 127 հազար դրամ է, այնինչ հարեւանությամբ նոր գործարան է բացվել, որտեղ աշխատավարձները 50 տոկոսով ավելի բարձր են: «Մարդիկ էլ հասարակ համեմատություն են կատարում ու նման պահանջներ առաջ քաշում»,- ավելացրել էր Հայկազ Խաչիկյանը: Հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է տեսնում, քաղաքապետն արձագանքել էր. «Դա կախված է աշխատակիցների պայքարից»: