Երեկ հայկական «Հատիս» բասկետբոլային ակումբը Ստամբուլում ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Բեշիկթաշ» ակումբի նկատմամբ` 87:64 հաշվով: Խաղը տեղի է ունեցել Բասկետբոլի Եվրոպայի գավաթի առաջնության խմբային երրորդ տուրի շրջանակներում:
Ամենաարդյունավետը Գիա Ղազանչյանի թիմում եղել է ամերիկացի Մաուրիտա Ռեյդը, ով հավաքել է 20 միավոր: Նկատենք, որ «Հատիսի» համար սա երկրորդ հաղթանակն էր: Դրանից առաջ հայ բասկետբոլիստուհիները սեփական հարկի տակ հաղթահարել են ռուսական «Չեվակատու»-ի արգելքը:
Այսպիսով, երեք տուրից հետո «Հատիսը» հավաքել է 5 միավոր եւ F խմբի առաջատարն է: Հաջորդ հանդիպումը «Հատիս»-ը կանցկացնի դեկտեմբերի 3-ին Երեւանում հունական «Աթինաիկոս»-ի հետ:
Նշենք, որ շատ դժվար է Թուրքիայում հաղթել թուրքական ակումբներին: Գուցե հենց այդ պատճառով էր, որ բուքմեյքերական ընկերությունները չէին կասկածում, որ հաղթելու են թուրքերը եւ նրանց հաղթանակի համար հայտարարել էին 1,01 գործակից, սակայն մեր մարզուհիները կարողացան ոչ միայն կոտրել այդ վստահությունը, այլ նաեւ հաղթանակ տանել ջախջախիչ հաշվով:




























