Ապահովագրական ընկերությունը երաշխավորում է, որ ապահովագրական պոլիսով բուժօգնություն ստացող անձը որեւէ այլ գումար բուժհաստատությանը, կամ բուժանձնակազմին չի վճարի; Այդ մասին այսօր` փետրվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանը: Նրա խոսքով` մինչ այսօր նման դեպքեր չեն արձանագրվել, թեեւ համագործակցում են Հայաստանի եւ Արցախի բոլոր հիվանդանոցների հետ: Ապահովագրական ընկերությունը համաձայնեցնում է բուժհիմնարկի հետ գնացուցակը` ելնելով շուկայական գներից, իսկ բուժհիմնարկները նույնիսկ միմյանց հետ մրցակցում են` ապահովագրական ընկերություններից ֆինանսավորում ստանալու համար: «Ոչ սանիտարկային, ոչ բուժքրոջը, ոչ էլ բժշկին գումար տալու անհրաժեշտություն չի լինի, մենք դա երաշխավորում ենք»,- ասաց Ա. Անտոնյանը:
Նշենք, որ 2012 թ. պետծառայողների համար նախատեսվել է սոցիալական փաթեթ` 132 հազ. դրամի չափով, որից 52 հազ. դրամը պարտադիր պետք էլինի բժշկական ապահովագրություն: «Ռոսգոսստրախ Արմենիայի» անձնական ապահովագրության գծով վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը տեղեկացրեց, որ պետական ծառայողների բժշկական ապահովագրության բազային պայմանները որոշ չափով տարբերվում են անհատ քաղաքացիներին տրամադրվող պայմաններից: Մասնավորապես` պետական ծառայողները պարտավոր չեն անցնել նախնական զննություն, իսկ անհատ դիմողները նման զննություն անցնելուց հետո (զննությունն իրականացվում է ապահովագրական ընկերության հաշվին) ապահովագրվում են միայն ան հիվանդությունների մասով, որոնք առաջանում են ապահովագրության ընթացքում: Սակայն Ա. Բադալյանը նշեց, որ խմբային դիմումների դեպքում կարող են տրամադրվել ապահովագրական պոլիսներ նույն պայմաններով, ինչ նախատեսված է սոցիալական փաթեթով: Ի դեպ` ապահովագրական պոլիսների արժեքը տատանվում է 52-200 հազ. դրամի սահմաններում:
Բազային (նվազագույն) պոլիսով կարելի է ապահովագրվել եւ վիարահատությունների, եւ թերապեվտիկ բուժման համար` 3.8 մլն դրամի չափով: Դրանք ներառում են նաեւ գործիքային եւ լաբորատոր հետազոտությունները, եթե դրանց հաջորդում է հիվանդանոցային բուժումը: Բացի այդ` թույլ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում անցնել:




























