Էկոնոմիկայի նախարարությունում, մարտի 1-ին, կկայանա Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող Թվինինգ ծրագրի շրջանակներում ծրագրային առաջարկների ներկայացման գործընթացի հերթական փուլի պաշտոնական մեկնարկի արարողությունը:
Մեկնարկի արարողությունը կղեկավարի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Միջոցառման ընթացքում ծրագրի ազգային համակարգող հանդիսացող ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շահառու մարմինների ներկայացուցիչներին կներկայացվի Թվինինգ ծրագրի իրականացման նպատակն ու ընթացակարգերը, ինչպես նաեւ նոր ծրագրային առաջարկների մշակման մեթոդաբանությունն ու քայլերը: Ծրագրային առաջարկների ներկայացման համար սահմանվում է 60-օրյա ժամկետ:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գերատեսչությունների, պետական այլ մարմինների եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:
Նշենք, որ ԵՀԳԳ ներքո իրականացվող Թվինինգ ծրագրերը Հայաստանում գործնականում սկսել են իրականացվել 2009թ.-ից: Այս գործիքի նպատակն է ՀՀ պետական կառավարման մարմիններում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը` ԵՄ ստանդարտներին ու գործող մոդելներին համապատասխան, ՀՀ օրենսդրական դաշտի մոտարկումը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը:
Ներկայումս արդեն իսկ կա ավարտված մեկ Թվինինգ ծրագիր, եւս 14 ծրագրեր գտնվում են իրականացման տարբեր փուլերում:




























