Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական ընդդիմությանը դժվար թե հաջողվի միասնաբար հանդես գալ: Այսօր` փետրվարի 29-ին, մամուլի ասուլիսում  նման կարծիք է հայտնել ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:

Ըստ նրա` Հայաստանն անկախության տարիներին ունեցել է ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ բացթողումներ: Առաջինների թվում քաղաքագետը  նշել է, որ հանրապետությունն ի տարբերություն մյուս հետխորհրդային երկրների, տոտալիտարիզմի ուղիով չի գնացել, ինչպես Թուրքմենիան եւ Ադրբեջանը, այլ կարողացել է ստեղծել ժողովրդավարական հասարակություն, բազմակուսակցականություն:  Այդ նույն ժամանակ, թեեւ երկրում անցկացվող ընտրությունները կարելի է ազատ համարել, այնուամենայնիվ, նրանք արդար չէին:

«Հասարակության մեջ վստահություն չկա, որ ընտրությունների արդյունքներն արդար են», - նշել է քաղաքագետը: Հիշեցնելով 2007 թվականի ընտրությունները` քաղաքագետը նշել է, որ այն ժամանակ մի կողմից հանդես էին գալիս իշխանական ուժերը, մյուս կողմից էլ` ցրված ընդդիմությունը: «Կարծում եմ, որ կայանալիք ընտրություններին էլ նույնն է տեղի ունենալու», - նշել է քաղաքագետը: