Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռ չի հանդիպել Ֆրանսիայի հայ համայնքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռոն Ալպ տարածաշրջանային տեղամասի պատգամավոր Հիլդա Չոբոյանը` հավելելով, որ ինքն անձամբ հանդիպմանը չի մասնակցելու, որովհետեւ ընդդիմադիր կուսակցության անդամ է: Նա նշեց, որ այս մասին ընդամենը խոսակցություններ կան, բայց որեւէ բան հստակ չէ: «Առաջիկա օրերին խոստում կա, որ հանդիպում կլինի, բայց չեմ կարծում, որ այս քանի օրերին կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ապաքրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուն, զրուցակցիս խոսքով, Ֆրանսիայում մեծ ընդվզում է եղել, ամենուր հաղորդագրություններ եւ հուսախաբ եղած տրամադրություններ են. «Այդ հարցը մեկ օրվա մեջ չի կարող լուծվել, շատ հավանական է, որ մայիսի նախագահական ընտրությունները վերջանան եւ կրկին հարցը օրակարգ բերվի, բայց ոչ թե անմիջապես, այլ հավանաբար վեց ամիս, մեկ տարի հետո: Մինչ այդ հնարավորություն կա դիմելու եվրոպական ատյաններ, որովհետեւ այդ օրենքը նաեւ մարդու իրավունքների խնդիր է»,- ասաց Հիլա Չոբոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկել է փետրվարի 28-ի երեկոյան:
Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։
Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել են Սահմանադրական խորհրդում:
Դրանից հետո Սարկոզին հանձնարարել է Ֆրանսիայի կառավարությանը ցեղասպանությունների վերաբերյալ նոր օրինագծի տեքստ պատրաստել, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը` գրաքննել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը: Այնուհետեւ Reuters-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շուտով հանդիպելու է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



























