Կատարվեց այն, ինչ կանխատեսում էին գրեթե բոլոր ֆուտբոլային մասնագետները եւ կաշվե գնդակի սիրահարները. իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ստացել է ֆրանսիական հեղինակավոր France Football ամսագրի կողմից Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակը»։

Լրագրողների կողմից անցկացված հարցման արդյունքում Արգենտինայի հավաքականի հարձակվողը 473 միավոր է ստացել։ Նա զգալիորեն գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին (233) եւ իր ակումբակիցներ Չավի Էրնանդեսին (170) ու Անդրես Ինյեստային (149)։

Պետք է նշել, որ տաղանդավոր արգենտինացին արժանի էր այդ պարգեւին։ Ինչպես իր խաղով, այնպես էլ «կապտանռնագույնների» կազմում ցուցաբերած ձեռքբերումներով Մեսսին կասկածի տեղիք չի տվել…

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ից նախորդ տարիներին այդ մրցանակին արժանացել են Լուիս Սուարեսը, Յոհան Կրուիֆը, Ռիվալդուն եւ Ռոնալդինյոն։ Ամենից հաճախ «Ոսկե գնդակին» արժանցել են գերմանացի ֆուտբոլիստները, իսկ ամենից ավելի՝ Յոհան Կրուիֆը, Միշել Պլատինին եւ Մարկո վան Բաստենը, ով այդ մրցանակին արժանացել է երեք անգամ։ Իսկ Մեսսին այս մրցանակն ստացող առաջին արգենտինացին է։