Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 3-ին հետաձգվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավարությունը:

Նախորդ նիստում մեղադրող կողմը 4,5 տարվա ազատազրկում էր պահանջել Բանուչյանի համար, եւ այսօրվա նիստում պետք է եզրափակիչ ելույթով հանդես գար Բանուչյանը, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը գնացել էր սեմինարի, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 7-ը, ժամը 16-ը:

Հիշեցնենք, որ Բանուչյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվել եւ շուրջ 4 ամիս պահվել է բանտում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Նախաքննական մարմինը, սակայն ստիպված էր ազատ արձակել Բանուչյանին՝ չկարողանալով ապացուցել նրա մեղքը, սակայն նրա դեմ 2008թ. հուլիսին կրկին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 179 (Վատնում) եւ 205 հոդվածի (Հարկերից խուսափում) հոդվածներով, իբր հարկեր չի վճարել Մատենադարանի բացիկների համար: Բանուչյանի հետ նույն գործով մեղադրվում էին Մատենադարանի երկու աշխատակիցներ, որոնց դատարանն ազատ արձակեց համաներմամբ, իսկ Բանուչյանը հրաժարվեց համաներումից՝ պահանջելով իրեն արդարացնել ամբողջությամբ: