Բաց Հասարակության ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-6-ը Հայաստանի մի շարք մարզերում իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավ:
Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Գյումրի, Վանաձոր քաղաքներում կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ և հեռուստաեթերներ, որոնց ժամանակ հանրությանը կներկայացվեն ներերակային թմրամիջոցներ օգտագործողների, համասեռամոլների, սեռական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև կանանց ու երիտասարդների խնդիրները՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեքստում: Կքննարկվի նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը` որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ գլոբալ պայքարի կարևորագույն բաղադրիչ, քանի որ հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր է միայն մարդու բոլոր իրավունքները պաշտպանելու միջոցով:
Քարոզարշավին մասնակցում են խոցելի խմբերի շահերի պաշտպանություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, այդ թվում` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը, «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինքը», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», ինչպես նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունները:
Առաջին կլոր-սեղան քննարկումը կիրականացվի դեկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբում: Նույն օրը` ժամը 20.00-ին Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության ուղիղ եթերով կկայանա հեռուստաքննարկում, որին կմասնակցեն վերը նշված կազմակերպությունների ներկայացուցիչները: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը կիրականացվի Վանաձորում` դեկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, իսկ հեռուստաքննարկումը կկայանա ժամը 19.00-ին՝ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության ուղիղ եթերով:




























