«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությանը դեկտեմբերի 3-ին դատարանը հետազոտել է գործում առկա տեսաերիզները:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, որ գրեթե բոլոր տեսաերիզները մոնտաժված են եղել, կադրերը փորձել են հարմարեցնել Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին, ինչը, մեղմ ասած, այնքան էլ լավ չի ստացվել: Տեսաերիզներով անգամ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հրահանգում զոհերի մասին սուտ տեղեկություններ չտարածել:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը փորձում էր Փաշինյանի մեղքը ապացուցել՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանը զանգվածային միջոցառումներ կազմակերպել, ինչին պաշտպանական կողմը հակադարձել է, որ զանգվածային միջոցառումը դեռ զանգվածային անկարգություն չէ, իսկ ժողովուրդը Մյասնիկյանի մոտ ինքնաբուխ է հավաքվել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է նաեւ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նշենք, որ մարտի 1-ին ոստիկանության կիրառած բռնության հետեւանքով 10 հոգի է զոհվել: Առ այսօր բռնություն գործադրած որեւէ ոստիկան պատասխանատվություն չի կրել, մինչդեռ ընդդիմության տասնյակ կողմնակիցներ դատապարտվել են ազատազրկման տարբեր ժամկետներով: