Ֆրանսիայի կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Ռեշար Մալիեի կայքերը շաբաթ գիշեր գրոհի են ենթարկվել թուրքական հաքերների կողմից, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:
Հայկական հարցի պաշտպանության ոլորտում իր ջանքերով հայտնի պատգամավորն ասել է. «Կայքերը կիբերգրոհի են ենթարկվել թուրքական «Al Turks Team»-ի ակտիվիստների կողմից: Իմ ինտերնետային բոլոր կառույցները կաթվածահար են եղել: Սա պայմանավորված է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար վարկերի չտրամադրմանը եւ հայ համայնքին իմ մշտական աջակցությանն ուղղված իմ գործողություններով»:
Մալիեն ավելացրել է. «Դուք այն հազարավոր մարդիկ եք, ովքեր պատասխանեցին օնլայն`Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ իմ ազգային դիմումին: Թուրքիան տեղ չունի Եվրոպայում:Այո, հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի ցեղասպանություն է իրականացվել 1915թ-ին: Ես Ֆրանսիայի Հանրապետության պատգամավոր եմ: Ես ժողովրդի կամքով եռագույնը կրում եմ արդեն 25 տարի: Եվ թող բոլորն իմանան ընդուպ մինչեւ Թուրքիա` ինձ չեն կարող լռել ստիպել երբեք»:«Նման վարքագիծը վրդովեցուցիչ է»,-նշել է ավելի քան հարյուր պատգամավորի միավորող ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ խորհրդարանական խմբի ղեկավարը: Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին քվեստորը ներկայումս հավաքում է ողջ տեխնիկական տեղեկատվությունը` բողոք ներկայացնելու համար:




























