Քաղաքական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն (Sciences Po) Ռիշար Դեքուենին (Richard Descoings) Նյու Յորքի հյուրանոցի համարում մահացած են գտել:
53-ամյա քաղաքագետի մարմինը գտել են այն բանից հետո, երբ ապրիլի 3-ի առավոտյան նա չի ներկայացել Կոլումբիական համալսարանի կոնֆերանսին, եւ գործընկերներն անհանգստացել են: Նրանց խնդրանքով հյուրանոցի ծառայողները բարձրացել են համար, որտեղ էլ գտել են մահացած Դեքուենին, հաղորդում է Reuters-ը:
Տեղական ոստիկանությունը ֆրանսիացի քաղաքագետի մահը կասկածելի է համարում. Նա մերկ է եղել, բերանը` արյունոտված, իսկ սենյակում խառնաշփոթ էր:
Միաժամանակ, համարի դուռը կոտրված չի եղել: Ենթադրվում է, որ ինստիտուտի ղեկավարը համարում մենակ չի եղել, եւ այստեղ խմել են սպիրտային խմիչքներ:
Sciences Po-ն հաճախ անվանում են ֆրանսիական քաղաքական վերնախավի դարբնոց: 1872թ. հիմնադրված հաստատությունը մասնագիտացած է հասարակական գիտությունների ուղղությամբ: Քսանութ պետությունների ղեկավարներ եւ վարչապետներ ավարտել են Sciences Po-ն, այդ թվում` Ժակ Շիրակը եւ Ֆրանսուա Միթերանը:
Ռիշար Դեքուեն համատեղում էր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի եւ Քաղաքական գիտությունների ազգային հիմնադրամի գլխավոր ադմինիստրատորի պաշտոնը` սկսած 1996 թվականից:




























