Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բարդացումների ունի աղիքների շրջանում` ճառագայթային թերապիայի առաջին կուրսից հետո, որն ստացել է Հավանայում ապրիլի 2-ին: Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան, որն ավելի վաղ հուսադրող կանխատեսումներ էր արել Չավեսի առողջության վերաբերյալ:
Բժիշկն ափսոսանքով հայտնել է, որ «այսօր Twitter-ում Չավեսի հաղորդագրությունները չեն երեւում, նա չի զանգահարում նաեւ ազգային հեռուստատեսության եթեր»: Նրա խոսքով` բարդացումների հետ կապված` բժիշկները որոշել են չանցկացնել Չավեսի ապրիլի 3-ի բուժման կուրսը, հաղորդում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի գիշերը նախորդ տարվանից սկսած արդեն յոթերորդ անգամ Չավեսը մեկնել է Կուբա քաղցկեղից բուժվելու:
Փետրվարի վերջին Կուբայում հեռացրել են Չավեսի ուռուցքային գոյացությունը: Դրանից հետո երեք շաբաթվա ընթացքում Չավեսը Հավանայում երեք շաբաթ վերականգնողական կուրս է անցել, այնուհետեւ վերադարձել հայրենիք:
Չավեսն ընդհանուր առմամբ ճառագայթային թերապիայի հինգ կուրս պետք է անցնի:




























