Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը հայտնել է ապրիլի 4-ին հրաժարական տալու իր որոշման մասին:
Սպասվում է, որ հենց այդ նույն օրը սերբիական խորհրդարանի խոսնակ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչը կնշանակի արտահերթ նախագահական ընտրություններ մայիսի 6-ին, երբ երկրում տեղի են ունենալու խորհրդարանական եւ տեղական ընտրությունները, հայտնել է Բ92 բելգրադյան հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
Ինչպես հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը, փորձագետները կարծում են, որ Թադիչը կրկին կդնի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, որպեսզի «տանի» իր Ժողովրդավարական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին: Այդ կուսակցությունն ըստ հարցումների չի համարվում առաջատար, սակայն այն դեպքում, եթե ընտրողը քվեարկի հայտնի քաղաքական գործիչ Թադիչի օգտին, ապա խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկներում ավտոմատ կերպով կնշի նրա կուսակցության դիմաց, մեկնաբանում են նրանք:
Սերբիայում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային ընթացիկ տարվա վերջում: Սերբիայի նախագահն ընտրվում է 5 տարվա ժամկետով: Նույն մարդն այդ պաշտոնում երկու անգամ ընտրվել չի կարող: Չնայած այն բանին, որ ներկայիս մանդատը Թադիչի համար երկրորդն է, նա կրկին կարող է մասնակցել ընտրություններին, քանի որ առաջին անգամ նախագահ էր ընտրվել երկրորդ պետության գոյության ժամանակաշրջանում` Սերբիայի եւ Չեռնոգորիայի պետական միասնության ժամանակ, որը փլուզվել էր 2006 թվականին:




























