ԿՀՎ-ի ներկայացուցիչները հերքել են լուրերն այն մասին, որ կրքոտ Աննա Չափմանը Կենտրոնի հրահանգով իբրեւ թե նպատակադրված գայթակղել է ամերիկյան նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմից ոմն բարձր պաշտոնյայի:
Հիշեցնենք, որ նախօրեին արեւմտյան լրատվամիջոցները սենսացիոն հայտարարություն էին արել` հիմնվելով ժամանակակից հետախույզների մասին թողարկման պատրաստ BBC-ի սերիալի վրա: Նրանում իբր Աննա Չափմանի գործողությունների մասին պատմում է ԿՀՎ-ի հետախուզության ղեկավար Ֆրենք Ֆիլյուցին:
ԿՀՎ-ում մեկնաբանել են, որ լրագրողներն ամեն ինչ սխալ են հասկացել. Ֆիլյուցին ընդհանրապես չի հիշատակել կոնկրետ անուններ, իսկ նկարագրելով նշված իրադարձությունները, նկատի է ունեցել այլ լրտեսուհու` Սինտիա Մերֆիին (Լիդյա Գուրիեւա), որը նույնպես մեղադրվում էր Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, հայտնում է ամերիկյան The New York Post թերթը:
Ֆիլյուցին ընդհանրապես չի շոշափել սեռական կապի թեման, բացատրել է հոդվածի հեղինակը, այլ միայն ակնարկել է այն մասին, թե ինչպես է Սինտիա Մերֆին ձգտել ընկերանալ Ալան Պատրիկոֆ անվամբ մի մարդու հետ, ով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընկերն է եւ համախոհը, նաեւ`դեմոկրատական կուսակցության գլխավոր ֆինանսիստներից մեկը:
2010 թվականին մամուլում հաղորդվել էր, որ Ալան Պատրիկոֆը հաստատել է, որ ծանոթ է եղել Սինտիա Մերֆիի հետ, սակայն նշել էր, որ նրանց հանդիպումներն ունեցել են զուտ գործնական բնույթ եւ հաղորդակցվելիս նրանք երբեք հնարավոր վտանգավոր թեմաների չեն անդրադարձել` կապված կառավարության եւ արտաքին քաղաքականության հետ:




























