«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը դեմ է բժիշկների` իրեն անմեղսունակ ճանաչելու եւ հոգեբուժարան ուղարկելու մտադրությանը: Բաց նամակում, որից հատվածներ  է հրապարակել նորվեգական թերթը, նա հայտարարել է, որ հոգեբուժարանում բուժումը մահից ավելի ահավոր է:

«Պետք է ընդունեմ, որ դա ամենավատն է, որը կարող էր պատահել ինձ հետ, քանի որ դա վերջնական նվաստացում կլինի ինձ համար»,-գրել է Բրեյվիկը:

Իր նամակում Բրեյվիկը վիճարկում է իրեն քննած հոգեբուժների պատճառաբանությունները, որոնք եկել են այն եզրակացության, որ նա անմեղսունակ է: Մարդասպանը մեղադրում է նրանց ոչ օբյեկտիվության մեջ եւ պնդում, որ հոգեպես առողջ է, հաղորդում է NTV-ն:

Հիշեցնենք, որ 2011-ի ամռանը Անդերս Բրեյվիկը պայթյուն է կազմակերպել Օսլոյում, իսկ հետո զանգվածային գնդակահարություն է կազմակերպել Ուտոյա կղզում` երիտասարդական ճամբարում: Արդյունքում զոհվել է 77 մարդ: