Արցախում զինվորական է մահացել: Հունվարի 16-ին պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի 22-ամյա բնակիչ Արայիկ Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզվում են:
Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը: 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել էր 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, հակառակորդի կրակոցից: Օրերս նա վերջապես գիտակցության էր եկել, սակայն երիտասարդի ուղեղի վրա այտուց էին հայտնաբերել:
Գարիկ Վարդանյանն Արարատի մարզի Այգեստան գյուղից էր, ընտանիքի ավագ որդին: Հունվարի 17-ին պետք է զորացրվեր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Իսկ նոյեմբերի 22-ին Արցախի մարտական դիրքերում վիճաբանության ժամանակ, նախնական տվյալներով՝ ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Բալեյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք ունի: Նա Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Բալեյանը վիրավորում է ստացել մարտական դիրքում իր հետ հերթապահության նշանակված ծառայակցի՝ Ա.Ներսեսյանի արձակած կրակոցից: Ներսեսյանը ձերբակալված է:
Մեկ առ մեկ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր բանակի հաշվին հարստացել կամ փորձում են հարստանալ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտպանության նախարարը նաեւ վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալն անհնար դառնա:
Վիգեն Սարգսյանը խոստովանել է, որ բանակին թերի մատակարարումներ են արվել, բայց այս ամիսների ընթացքում, վստահեցրել է, նման դեպքերի թիվը կտրուկ նվազել է: Հիմա նաեւ ավելի հարմար գներով են պայմանագրեր կնքվում: Անդրադառնալով տարածված կարծիքին, որ առաջնագծում միայն անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում, Սարգսյանը պնդել է, որ դա գերագնահատված տեսակետ է: Այո՛, նման երեւույթ կա, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունի:
Ինչ վերաբերում է ապրիլի խորհրդարանական ընտրություններից հետո այլ պաշտոն ստանձնելուն, մասնավորապես՝ կառավարությունը ղեկավարելուն: Մամուլում տարածված լուրերը Վիգեն Սարգսյանը հերքել է՝ հավելելով, որ ՀՀԿ համագումարում նախագահն այդ հարցին հստակ է պատասխանել: Իսկ ընտրություններում Հանրապետականի հաջողության դեպքում Սարգսյանը մեկ ցանկություն ունի:
«Ժառանգությունն» ընտրությունների կգնա Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանը ձգտող ուժերի հետ: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նաեւ անուններ է հնչեցրել` Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Վարդան Օսկանյան: Հայաստանում փոփոխություններ են անհրաժեշտ, եւ հենց սա էլ «Ժառանգությանը» մղում է համագործակցել ուժերի հետ, որոնց հետ նախկինում տարաձայնություններ է ունեցել: Ավելին, այսօր նա հանդիպել է Սեյրան Օհանյանին ու հիշեցրել, որ իր պաշտոնավարման տարիներին բանակը մասնակցել է ընտրակեղծիքներին:
Ողբերգություն Երեւանում: Նազարբեկյան փողոցի ավտոտնակներից մեկում հունվարի 15-ին 3 երիտասարդի դի են հայտնաբերել: Նրանց մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Ավտոմեքենայի մեջ գտել են Արթուր եւ Արտյոմ Սարկիսովների, մեքենայի կողքին` Գարիկ Ստեփանյանի դին: Նախնական տեղեկություններով՝ նրանք շմոլ գազից թունավորվել են: Արթուր Սարկիսովը 25 տարեկան էր, ամուսնացած, նրա կրտսեր եղբայր Արտյոմը՝ մասնագիտությամբ երաժիշտ, բանակից զորացրվել էր հունվարի 11-ին: Եղբայրներն Աշտարակից էին, իսկ 23-ամյա Գարիկ Ստեփանյանը՝ Ջերմուկից:
Կուրսի տղերքի մոտ «դոդիկ» է անվանել ու կյանքով հատուցել: Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում հունվարի 11-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառը վիճաբանությունն է եղել: 18-ամյա Վահե Մուրադյանի սպանության մեջ կասկածվող Կարեն Չատիկյանը ոստիկաններին պատմել է, թե ինչու է դանակահարել Վահեին:
Հիշեցնենք, որ Վահե Մուրադյանը մահացել է սրտի շրջանում սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետեւանքով: Ձախ սրունքի կտրած-ծակած վնասվածքով էլ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանը: Կարեն Չատիկյանն ընկերների հետ փախուստի է դիմել, իսկ ավելի ուշ ձերբակալվել:
Մեկ տարի առաջ Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց 2 տարվա ազատազրկամ: Վճիռը Սաֆարյանի համար անակնկալ չէր: Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանի որոշումը քաղաքական է անվանել եւ հայտարարել, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մահվան ելքով վթար Վրաստանում. Հայաստանի քաղաքացի է զոհվել: Մառնեուլի շրջանում հայերի մասնակցությամբ վթարի հետեւանքով զոհվել է Տավուշի մարզի Կոթի համայնքից 27-ամյա Եղիշե Խաչատրյանը: Նրա համագյուղացիներից Արսեն Խաչիկյանին մարմնական վնասվածքներով Երեւան են տեղափոխել, եւս մեկ վիրավոր՝ Կարեն անունով, Վրաստանի հիվանդանոցներից մեկում է:
Խաբարովսկում առեւանգված եւ սպանված հայազգի գործարարի որդու՝ Անդրանիկ Մուրադյանի դին կտեղափոխեն Հայաստան: Օրեր առաջ Ռուսաստանում տեղի ունեցած դաժան սպանության հանգամանքները պարզվել են: 25-ամյա հայ երիտասարդին առեւանգել, ապա խեղդամահ են արել եւ այրել ընկերները: Նրանցից մեկն ադրբեջանցի է, երիտասարդի դպրոցական ընկերը:
Նախնական տվյալներով՝ առեւանգողներն Անդրանիկի գործարար հորից 20 միլիոն ռուբլի փրկագին են պահանջել, բայց դեռ գումարը չստացած՝ որոշել են սպանել երիտասարդին: Անդրանիկ Մուրադյանը Ռուսաստանի քաղաքացի էր, ընտանիքի հետ տարիներ առաջ Խաբարովսկ էր տեղափոխվել Ջավախքից:
Եվս մեկ քայլ Էրդողանի՝ միանձնյա կառավարման հասնելու երազանքի ճանապարհին: Թուրքիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, որը ենթադրում է խորհրդարանական կառավարման ձեւից նախագահականի անցում: Փոփոխություններով նախագահ Էրդողանն անձամբ կվերահսկի երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբն ու հետախուզությունը, կկարողանա նախարարների նշանակել, հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների հարցերը: Ավելի վաղ հարցի քննարկումը խորհրդարանում ծեծկռտուքի առիթ էր դարձել: Հավելենք, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարման ձեւը գործում էր 1923 թվականից:
Հունվարի 16-ին դոլարը շարունակել է թանկանալ, իսկ եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 514, ռուբլունը՝ 8 դրամ 16 լումա, ֆունտինը՝ 586 դրամ:
Հունվարի 17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը թույլ ձյուն է սպասվում: Ամպամածությունն ու մառախուղը կպահպանվեն:











