Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը տապալվել է: Նիստի մեկնարկին ընդամենը 38 պատգամավոր է գրանցվել, իսկ քվորում ապահովելու համար առնվազն 66 պատգամավորի ներկայություն է անհրաժեշտ: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հավանաբար, արդեն նախըտրական քարոզոչությամբ են զբաղված: Արդյունքում Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, 3 ժամ է տրամադրել: Սակայն 3 ժամ անց էլ նիստ անցկացնել հնարավոր չի եղել:

Էդուարդ Շարմազանովը կատակել է. Վանաձորի ավագանու բոյկոտը խորհրդարան հասավ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հորդորել է սենսացիա չսարքել: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քվորումի բացակայությունն իշխող Հանրապետական կուսակցությունն է կազմակերպել:

Ասում է՝ ՀՀԿ-ն հասկանում էր, որ ընդդիմադիր ուժերը փորձելու են բարձրաձայնել տարբեր խնդիրների, այդ թվում` Մասիսի դանակահարության մասին: Հիշեցնենք, որ երեկ Սայաթ-Նովա գյուղում դանակահարել են ԲՀԿ-ական Աբրահամ Ադամյանին: Լրագրողների դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ դանակահարելու մեջ կասկածվողը հանրապետական Մուրադ Մուրադյանի կողմնակիցներից է, Շարմազանովն արձագանքել է. Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չէ:

Սա առաջին դեպքը չէ, որ նախընտրական ծեծկռտուքներում ու վեճերում գլխավոր դերակատարների թվում հանրապետականների անուններ են նշվում: Այս դիտարկմանն ի պատասխան էլ Շարմազանովն իր կուսակից Դավիթ Հարությունյանին է վկայակոչել. ընտրական գործընթացում, որտեղ հարյուրավոր թեկնածուներ եւ նրանց հազարավոր կողմնակիցներ կան, միջադեպեր կարող են լինել, բայց բոլոր մեղավորնեը պատժվելու են:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը հագեցած է եղել, մթնոլորտը՝ փոքր-ինչ լարված: Ավանդույթի համաձայն՝ վարչապետի հանձնարարականները լսելուց հետո կառավարության անդամները ներկայացրել են օրակարգային հարցերը:

Բայց մինչ Արփինե Հովհաննիսյանը կսկսեր ներկայացնել «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ Աղվան Հովսեփյանը շտապել է խնդրել, որ հարցը հանվի օրակարգից, եւ բացատրել՝ ինչու: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում չորս նախաքննական մարմին կա, բայց ոչ մեկին չի ուղարկվել իրենց իսկ աշխատանքի կարգավորմանը վերաբերող նախագիծը: Արդարադատության նախարարին օգնության է շտապել Դավիթ Հարությունյանը:

Կողմերին հաշտեցրել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով քննարկել արդեն իսկ օրակարգում ներառված հարցը, եւ երեք օր ժամանակ տվել՝ քննչական կոմիտեում այն քննարկելու եւ համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար: Գլխավոր դատախազության կողմից հանցագործությունների հետաքննության մասին տվյալների հրապարակման հարցը նույնպես Աղվան Հովսեփյանի դժգոհությունն է առաջացրել:

Իսկ վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է գույքի կամ դրամական միջոցների վրա սահմանվող արգելանքի համաչափությանը. քաղաքացիներից, հատկապես՝ տնտեսվարողներից, դժգոհություն են ստացել:

Գործադիրի նիստի հետո օմբուդսմենը լրագրողներին կալանավորված Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» առողջության մասին մանրամասներ է ներկայացրել: Արման Թաթոյանը կարծում է, որ նրա բուժումը կալանավորների հիվանդանոցում կազմակերպել այլեւս հնարավոր չէ:

Վահան Մարտիրոսյանից էլ հետաքրքրվել են հայկական կառավարական պատվիրակության՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով: Վարչապետն ասել էր, որ Վրաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը: Ամենահավանական տարբերակներից նշվում են Հարավային Օսիան, ինչպես նաեւ աբխազական երկաթուղին, եթե հաջողվի համաձայնության հասնել դրա վերագործարկման հարցում: Տրանսպորտի նախարարը, սակայն, այլ տարբերակ ունի:

Հավելենք, որ մարտի 6-7-ն էլ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանում կլինի: Այս անգամ նույնպես վարչապետ մեծ՝ 21 հոգանոց պատվիրակությամբ է մեկնում: Բիշքեկում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Գողացել են զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի հիշատակին տեղադրված հուշաքարը: Հարեւանները գումար էին հավաքել եւ շենքի բակում հուշաքար տեղադրել: Այսօր առավոտյան Գրիգորի մայրը նկատել է, որ այն չկա: Հարությունյաններն արդեն ահազանգել են ոստիկանություն: Հիշեցնենք, որ 19-ամյա Գրիգոր Հարությունյանը զոհվել է ապրիլյան պատերազմի ընթացքում:

Սիրիայի կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ գրավել են Պալմիրա քաղաքը: Վերջին մեկ տարվա ընթացքում «Իսլամական պետության» զինյալներից քաղաքն ազատագրում են արդեն երկրորդ անգամ: 2015 թվականի մայիսին Պալմիրայի գրավումից հետո սիրիական զորքերն առաջին անգամ քաղաք էին մտել 2016-ի մարտին, իսկ դեկտեմբերին զինյալները նորից գրավել էին այն: Քաղաքում գտնվելու ընթացքում ահաբեկիչները բազմաթիվ բնակիչների են սպանել, ինչպես նաեւ ոչնչացրել հնագույն պատմական հուշարձաններ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում են ներառված:

Մարտի 2-ին դոլարը շարունակել է թանկանալ, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 512, ռուբլունը՝ 8 դրամ 31 լումա, ֆունտինը՝ 597 դրամ:

Մարտի 3-ին հանրապետությունում ամպամածություն է սպասվում, Արարատյան դաշտում՝ մառախուղ: Երեւանում նույնպես վաղն ամպամածություն է սպասվում, տեղումների հավանականությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -4-7 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +1+3 աստիճան տաքություն: