Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: 31-ամյա Նարեկ Հակոբյանը մահացել է ճամբարային հավաքի ժամանակ ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ կրտսեր սերժանտն ինքնաձիգը մաքրելիս խախտել է զենքի հետ վարվելու կանոններն ու կրակոց արձակել: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Նարեկ Հակոբյանը Վայոց ձորի Արփի գյուղից էր: Ամուսնացած էր, մանկահասակ երեխա ունի: Ծառայության էր անցել վերջերս:
Իսկ ապրիլի 17-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը տեղափոխվել է Երեւան: Զինվորական հոսպիտալում նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Պաշտոնապես մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը քարոզարշավը սկսել է Էրեբունիում: Բնակիչների հետ հանդիպմանը խոսել է իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված աշխատանքից, բայց գիտի, որ բոլոր խնդիրները լուծված չեն: Հիմա եկել է՝ ժողովրդի վստահության քվեն խնդրելու, որպեսզի կարողանա իր թիմակիցների հետ շարունակել սկսածը:
Իսկ «Ելք» դաշինքն ընտրարշավը սկսել է «Էրեբունի-Երեւան» երգի տեսահալովակի հրապարակմամբ: Այն կատարում են դաշինքի ավագանու թեկնածուները: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ շինությունների տանիքներով շրջող Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ արշավը սկսել է ստորգետնյա տրանսպորտից: Մետրոպոլիտենում Փաշինյանը բաժանել է իրենց նախընտրական բուկլետներն ու առաջին նախընտրական խոստումը տվել: Իսկ երեկոյան «Ելք»-ը երթ է անցկացրել, որից հետո Հյուսիսային պողոտայում համերգ է տեղի ունեցել:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն էլ որոշել է նախընտրական արշավը սկսել հեծանվաերթով: Զարուհի Փոստանջյանը բացատրել է որոշման պատճառը. կարեւորում է մայրաքաղաքում այդ փոխադրամիջոցի հանրայնացումը:
Նախընտրական քարոզարշավը կտեւի մինչեւ մայիսի 12-ը, իսկ ավագանու ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Ազգ-բանակ» համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց, որ փորձելու են մինչեւ 2019 թվականի ավարտը վերջնականապես լուծել զոհված եւ հաշմանդամ զինծառայողների բնակարանային հարցը: Այսօր կայացած ասուլիսում Վիգեն Սարգսյանը վերահաստատեց դա: Նախարարությունը հիմա վերստուգում է հերթագրման ցուցակները: Որոշ սպաներ, այդ թվում՝ զորացրված, դժգոհում են, որ բնակարանների տրամադրման հերթագրումն օրինական չի արվում: Զինվորականները մատնանշում են հատկապես կոռուպցիան: Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անում են՝ նման երեւույթները բացառելու համար:
Հանդիպման ընթացքում լրագրողները նորից խոսեցին տարածված մտահոգության մասին, որ առաջնագիծ են մեկնում միայն անապահով ընտանիքների երեխաները: Նախարարը հակադարձեց՝ դա օբյեկտիվ պատճառներ ունի: Մեծ է հավանականությունը, որ ֆինանսապես ապահովված ընտանիքի երեխաները բարձրագույն կրթություն են ստանում եւ ուսումնական զորամասերում զինծառայություն անցնելու հնարավորություն ունենում: Սարգսյանը նաեւ նշեց, որ չի կարող ասել, թե սահմանագծում քանի «օլիգարխի» երեխա է ծառայում՝ մի պարզ պատճառով:
Արդեն լուծված կարելի է համարել նաեւ պաշտպանության երկու նոր փոխնախարարների՝ Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի նշանակման հարցը: Երկուսն էլ արդեն ակտիվորեն ներգրավված են նախարարության աշխատանքներում: Ինչ վերաբերում է իր՝ Վիգեն Սարգսյանի հետագա կարիերային: Նա վերահաստատեց. ուզում է մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Սամվել Բաբայանն անազատության մեջ կմնա: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է առաջին ատյանի դատարանի՝ կալանքի մասին որոշման դեմ Բաբայանի շահերի պաշտպանի բողոքը: Ավետիս Քալաշյանը նշել է, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, իսկ եթե այստեղ էլ մերժեն, կդիմի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Որոշման հրապարակմանը Սամվել Բաբայանը ներկա չի եղել: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ Բաբայանի եւ գործով մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 2 ամիս ժամկետով կալանավորումը:
Կարեն Կարապետյանին հետաքրքրում է, թե առողջապահության ոլորտում ինչպես են բաշխվում պետպատվերի շրջանակում տրամադրվող միջոցները: Այսօր առողջապահության նախարարություն այցելած վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է գործընթացին ու համոզվել. այն արդյունավետ եւ հասցեական չէ: Ստվերային շրջանառությունը վերացնելու համար նա ոլորտում պետական մոտեցման փոփոխության կարիք է տեսնում: Կարապետյանն առաջարկել է պետպատվերի հայտանիշերը սահմանելիս խստացնել կոմերցիոն մասի ծավալը:
Վարչապետը խնդիր է տեսնում նաեւ մարզային ու համայնքային առողջապահական կլինիկաների գործունեության հետ կապված: Հարկավոր է կառավարման մշակույթ փոխել: Առաջարկեց խնդիրը լուծելու համար նույնիսկ միջազգային օպերատորների ներգրավել: Ամեն դեպքում, առողջապահության նախարարության ձեռնարկած բարեփոխումներից Կարեն Կարապետյանը, ընդհանուր առմամբ, գոհ է, հարկավոր է միայն դրանց իրականացման տեմպերն արագացնել:
Կառավարության շենքի առջեւ այսօր հավաքվել էին խոշոր առեւտրի կենտրոնների աշխատակիցները՝ բողոքելու ապրանքների փաստաթղթավորման պահանջի դեմ: Դժգոհում են. արդեն մի քանի օր է՝ հարկային մարմինները ստուգումներ են կատարում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից փաստաթղթեր պահանջում:
Առեւտրականների խոսքով՝ ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու. պետք է նոր աշխատող ընդունեն, որ անի այդ գործը: Ցուցարարները Կարեն Կարապետյանի հետ հանդիպում էին պահանջում, բայց նրանց ընդունեց վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը: Շուրջ 1.5 ժամ տեւած հանդիպման արդյունքում որոշվել է, որ առեւտրականներն առաջարկներ կպատրաստեն ու կներկայացնեն վարչապետին: Մինչ այդ, սակայն, հարկային ստուգումները կշարունակվեն, բայց առայժմ չեն տուգանի:
Դոլարի անկմանը միացել է նաեւ եվրոն: Արդյունքում ապրիլի 21-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 8 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 619 դրամ:
Ապրիլի 22-ին երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:











