News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման եւ ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, եւ մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել: Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին:

Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաեւ պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի եւ եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի եւ պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով եւ հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ եւ հասցեական չէ, եւ ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: «Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետեւյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչեւ ես գամ հասնեմ իդեալական համակարգին, հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց եւ պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:

Վարչապետն անդրադարձել է նաեւ մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երեւանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն  միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը եւ քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձեւակերպեք՝ ինչ պետք է լինի եւ վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Լեւոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի եւ´ աշխատակիցների, եւ´ բժիշկների քանակը, եւ´ բժիշկների զբաղվածությունը, եւ´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարեւորելով առկա իրավիճակի շտկումը եւ հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման եւ մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:

Վարչապետին զեկուցվել է նաեւ առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների եւ օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ  վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների եւ մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաեւ ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի եւ բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր  տնտեսման չափը կկազմի մինչեւ 30 տոկոս:

Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման, դեղերի եւ բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի եւ ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչեւ 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի եւ առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետի՝ դեղորայքի  շուկայի եւ էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում եւ դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի եւ 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում եւ հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ