Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին սպանված են հայտնաբերել: 52-ամյա պաշտոնյան չորս օր անհետ կորած էր համարվում: Նախնական տվյալներով՝ հուլիսի 22-ի գիշերը մի տղամարդ տնից դուրս է կանչել Սիմոնյանին, որից հետո նա անհետացել է: Մարզպետի խորհրդականի դին հայտնաբերել են Դալարիկ գյուղի ճանապարհին, կապկպված, կիսանեխած վիճակում:
Հարեւանների խոսքով՝ Սիմոնյանի ընտանիքի անդամները տեսել են, թե ովքեր են նրան մեքենա նստեցրել ու տարել: Բոլորի համար, սակայն, անհասկանալի է, թե ինչու են նրան սպանել. ասում են՝ շատ համեստ մարդ էր: Սարդարապատի գյուղապետը, որտեղ կնոջ եւ որդու հետ բնակվում էր Մանուկ Սիմոնյանը, ենթադրում է, որ պաշտոնի բերումով, հնարավոր է, կանգնել է ինչ-որ մեկի ճանապարհին կամ փողի խնդիր է եղել: Քրեական գործ է հարուցվել, բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ չկան:
«Սասնա ծռերի» 14 անդամի գործով այսօրվա դատական նիստը սովորական դարձած սցենարով է ընթացել, այս անգամ, սակայն, ավելի լարված մթնոլորտում: Արտուշ Գաբրիելյանի նյարդերը պարբերաբար տեղի են տվել. դատավորն անընդհատ վեճի է բռնվել փաստաբանների հետ: Նա կրկին դատական սանկցիաներ է կիրառել պաշտպանների նկատմամբ, որոնք, ըստ դատավորի, առանց իր թույլտվության հայտարարություններ են արել, ինչը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դիտարկվել: Բարկությունից շփոթված՝ դատավորը պաշտպան Արա Զաքարյանին դատական սանկցիայի փոխարեն խափանման միջոցով է սպառնացել:
Հետո արդեն Արտուշ Գաբրիելյանը վեճի է բռնվել Պավլիկ Մանուկյանի հետ: Ամբաստանյալը ցանկացել է հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն արգելել է՝ դատական սանկցիայով է սպառնացել: Մանուկյանը սա անպատասխան չի թողել:
Դատական նիստը շարունակվել է հիմնականում ընդմիջումներով եւ ամբաստանյալների ու պաշտպանների նկատմամբ դատական սանկցիաներով: Ի դեպ՝ Պավլիկ Մանուկյանը նաեւ հայտարարել է, որ պաշտպաններին արգելել է իր բացակայության դեպքում ներկա գտնվել դատական նիստերին: «Սասնա ծռերի» 14 անդամի գործով հաջորդ դատական նիստն օգոստոսի 2-ին է:
Ընտանիքի անդամներն այսօր այցելել են Ռուսաստանում դատապարտված եւ մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Տեսակցությունից հետո Հարությունյանի կինը մեր թղթակցին պատմել է, որ ամուսինը լավ տրամադրություն ուներ, գոհ էր քրեակատարողական հիմնարկի պայմաններից: Ասել է՝ «Եթե Հայաստանում եմ, ուրեմն շատ լավ եմ»:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը բուժզննման է ենթարկվել: Նրա մոտ լիպոմա՝ ճարպային գոյացություն է հայտնաբերվել: Անհրաժեշտության դեպքում նրան կվիրահատեն: 2013 թվականի հուլիսին Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել: Նա 6 տարի ու 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել: Պատժի մնացյալ մասը Հարությունյանը կկրի Հայաստանում, սակայն ընտանիքը նրան ազատ արձակելու խնդրանքով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: Այս մասին հայտնել է ուկրաինական Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը՝ նշելով, որ նախագահ Պորոշենկոն, փաստորեն, շտկում է սեփական սխալները: Պատգամավորի խոսքով՝ «վրացական յանուկովիչին՝ Միխո Սահակաշվիլիին ապօրինի կերպով են Ուկրաինայի քաղաքացիություն տվել»: Իսկ Վրաստանի նախկին նախագահի դեմ իր հայրենիքում քրեական գործ է հարուցվել: Վրացական կողմը նրան արտահանձնելու պահանջով երկու անգամ դիմել է Կիեւին, բայց մերժվել է: Հիմա Թբիլիսիում չեն բացառում, որ իրենց դիմումը, վերջապես կբավարարեն:
Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայելին արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: Լապշինը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, սակայն, նրա պաշտպանի տեղեկացմամբ, ցանկանում է, որ իրեն Իսրայելին արտահանձնեն: Հիմա Թել Ավիվի պատասխանին են սպասում: Եթե այն դրական լինի, պաշտպանը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Արտահանձնման մասին որոշումը պետք է կայացվի դատական նիստում:
Դոլարն ու եվրոն շարունակում են թուլանալ: Հուլիսի 27-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 556, ռուբլունը՝ 7 դրամ 99 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:
Հուլիսի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:











