Արցախում պարապմունքների ժամանակ դժբախտ պատահարի հետեւանքով նորակոչիկ է մահացել: Էդգար Երեմյանի վարած «ԶԻԼ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ ընկել ձորը: Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայողը ստացած մարմնական վնասվածքներից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Էդգարն Արարատի մարզի Ղուկասավան համայնքից էր, 1 ամիս առաջ էր զորակոչվել: Նա Երեմյանների ընտանիքի կրտսեր զավակն էր, երկու եղբայր ունի:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Շամիրամի սպանդի գործով այսօրվա նիստը լարված մթնոլորտում է անցել: Երբ 4 մարդու սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին նիստերի դահլիճ են բերել, զոհերի հարազատներն ու տուժողները սկսել են հայհոյել, ի պատասխան՝ մեղադրյալը եզդիերենով ինչ-որ բան է ասել: Իրավիճակը հանդարտեցնելու համար ստիպված են եղել Քալաշյանին հեռացնել, եւ կրկին նիստերի դահլիճ են բերել միայն դատավորի զգուշացումից հետո, որ նման վարքագիծ դրսեւորելու դեպքում դատական սանկցիա կկիրառի:
Կարճ ժամանակ անց իրավիճակը նորից սրվել է, երբ պաշտպանի ներկայացրած միջնորդության մասին կարծիք է հայտնել տուժող Միշա Օզմանյանը՝ Թելման Քալաշյանին ավազակ անվանելով: Քալաշյանը կրկին արձագանքել է: Արդյունքում դատավորը մեկ ժամով դահլիճից հեռացրել է Թելման Քալաշյանին, Միշա Օզմանյանին ու նիստին հետեւող մի կնոջ: Այսօրվա դատական նիստն ընդմիջվել է. Թելման Քալաշյանի եւ գործով մյուս ամբաստանյալ Քյարամ Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ նիստին դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես գալ:
Սերգեյ Սպրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով նոր մանրամասներ են հրապարակվել: Բրիտանական պարբերականների տեղեկություններով՝ նյութը, որով թունավորվել են հայր եւ դուստր Սկրիպալները, եղել է Մոսկվայից Լոնդոն ժամանած Յուլյա Սկրիպալի ուղեբեռի մեջ: Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ Սերգեյ Սկրիպալին թունավորելու «թույլտվությունը Վլադիմիր Պուտինն է տվել»: Նա նաեւ հավելել է, որ իրենք ռուսների դեմ ոչինչ չունեն, իրենց պահանջնեն ուղղված են միայն Պուտինին եւ Կրեմլին: Ռուսաստանում էլ Պուտինին ուղղված մեղադրանքները դիվանագիտության կանոնների աններելի խախտում են անվանել:
Մոսկվան նաեւ մտադիր է պատասխանել Մեծ Բրիտանիայից ռուսաստանցի 23 դիվանագետների արտաքսելու՝ Լոնդոնի որոշմանը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայից էլ բրիտանացի դիվանագետների կարտաքսեն, սակայն չի հստակեցրել նրանց թիվը: Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվել են մարտի 4-ին, անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են: Սկրիպալը 2006 թվականին Ռուսաստանում դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010-ին ներում ստացել եւ Մեծ Բրիտանիա տեղափոխվել:
Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահար է տեղի ունեցել. ճոպանուղու անսարքության պատճառով ավելի քան 10 տուժած կա: Վրացական աղբյուրների հաղորդմամբ՝ պատահարի պատճառն էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատումն ու հոսանքի լարման կտրուկ նվազումն է: 8 մարդ հոսպիտալացվել է. նրանցից մեկը հղի կին է: Վիրավորներից 7-ն օտարերկրյա քաղաքացիներ են. 4-ը Ռուսաստանից են, 2-ը՝ Ուկրաինայից, 1-ը՝ Շվեցիայից, մեկ տուժած էլ Վրաստանի քաղաքացի է: Նրանց մեծ մասը ճոպանուղուց ընկնելու հետեւանքով գլխի բաց վնասվածք է ստացել:
Երեւանից Սարատով ուղեւորվող օդանավն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են. Սարատովում թանձր մառախուղ եւ ուժեղ քամի է: Առայժմ հայտնի չէ, թե Սարատով մեկնողները որքան ժամանակ ստիպված կլինեն սպասել Մոսկվայում: Արտակարգ իրավիճակների նախարարության շրջանային վարչության տվյալներով՝ Սարատովի երկրամասի որոշ շրջաններում եւ Սարատով քաղաքում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը նվազել է՝ հասնելով ավելի քան 500 մետրի:
Երեւանում այսօր խոշոր վթար է տեղի ունեցել. բախվել են Opel եւ Mercedes մակնիշների մեքենաները: Opel-ի վարորդ Թեւոս Գեւորգյանը պատահարի հետեւանքով վնասվածք է ստացել: Նա հայտարարել է, թե Mercedes-ի վարորդն առանց լուսաթարթիչը միացնելու անսպասելի շրջադարձ է կատարել: Mercedes-ի վարորդ Մարիամ Հովհաննիսյանն էլ հակառակն է պնդել՝ միաժամանակ հավելելով, որ Opel-ի վարորդը հարբած է: Իսկ պատահարից հետո կատարվածը բառերով նկարագրել փոքր-ինչ դժվար է: Այնպես որ՝ առանց մեկնաբանության:
Մարտի 16-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 35 լումա, ֆունտինը՝ 670 դրամ:
Մարտի 17-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ից 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:











