Մեր մոտեցումն այն է, որ բոլոր հարցերը, այդ թվում արտահերթ ընտրությունների հարցը, պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած ճանապարհով. մենք չենք կարող Սահմանադրությունը դնել մի կողմ եւ խոսել մեր ցանկություններից: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, արտահերթ ընտրությունները նույնպես պետք է լինեն Սահմանադրությամբ նշված դրույթների եւ մոտեցումների համաձայն. «Մենք չենք կարող ասել՝ այսինչ օրը ընտրություն է տեղի ունենալու, եթե Սահմանադրությունը նման բան չի նախատեսում: Պետք է կարողանանք միասին, համախոհությամբ այդ հարցը լուծել: Այստեղ կան մի շարք հարցեր: Մենք ուզում ենք այնպիսի ընտրություն անցկացնել, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, այդ ընտրությունների արդյունքները որեւէ մեկը կասկածի տակ չի դնի, իսկ դրա համար պետք են քայլեր, որոնք կատարված չեն: Փաշինյանն էլ ընդունում է, որ հնարավորինս արագ ընտրություն անցկացնելը չի եղել նպատակը»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մեկ տարի ձգվի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով. «Ես ժամկետի մասին չեմ կարող խոսել: Սահմանադրությունը ԱԺ-ն ցրելու երեք ձեւ է նախատեսում, եթե չի ընտրվում վարչապետ, եթե ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը, երրորդ՝ եթե կառավարությունը բերում է ծրագիր եւ իր վստահության հարցն է դնում: Արտահերթ ընտրությունների պետք է գնալ միայն այն դեպքում, եթե դրանք նախապատրաստված են: Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, որը պահանջում է 3/5-րդ կողմ ձայն ԱԺ-ում: Դա ժամանակ է ենթադրում»:

Հարցին, թե ժամկետների վերաբերյալ հակասություն չկա՞ է Փաշինյանի եւ ՀԴՅ-ի միջեւ, Ռուստամյանն արձագանքեց, որ այդ հարցերը քննարկել են հանդիպման ժամանակ:

Նա ընդգծեց, որ կառավարության մաս կազմելու հարցը չեն քննարկել Փաշինյանի հետ. «Եթե նման խնդիր լիներ, դուրս չէինք գա կոալիցիայից: ՀՅԴ-ն աթոռակռվի, պորտֆելների խնդիր չունի այսօր»:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չհաստատի կառավարության ծրագիրը, ապա արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դրանից ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 45 օր հետո: Իսկ եթե ընտրվում է երրորդ տարբերակը, որ կառավարությունը բերում է ծրագիր եւ դնում իր վստահության հարցը, ապա դա կարող է տեղի ունենալ միայն վարչապետի ընտրությունից մեկ տարի հետո:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

«Չեմ ուզում շատ փակագծեր բացել». Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մասին (վիդեո)