«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատավորը վերջապես բավարարեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը եւ 10 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց:
Լրագրողների հետ զրույցում Կարո Եղնուկյանն ասաց՝ այս որոշումը կապված է թավշյա հեղափոխության հետ: Նշենք, որ Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջորդություններ նախկինում բազմիցս ներկայացվել են, սակայն դատարանը մերժում էր դրանք: «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպանը նույնպես այսօր իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այն: Դատավորը Գիչյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու որոշում կայացրեց:
Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը: Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին, զրուցել են, ինչից հետո Չուգասզյանը հայտնել է հացադուլը դադարեցնելու որոշման մասին: Նշենք, որ Չուգասզյանին Մատենադարանի մոտ այցելության էր գնացել նաեւ այսօր գրավի դիմաց ազատ արձակված Կարո Եղնուկյանը: Գարեգին Չուգասզյանը հացադուլ էր հայտարարել 31 օր առաջ՝ քաղբանտարկյալների ազատ արձակման, համաներում հայտարարելու եւ անցումային հանձնաժողովներ ստեղծելու պահանջով: Նա հացադուլի մասին հայտնել էր դեռ կալանավայրում, իսկ խափանման միջոցը փոխվել էր պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի միջնորդությամբ: «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Խոստման համաձայն՝ ԱԱԾ տնօրենը սկսել է խոսել կոռուպցիոն բացահայտումների մասին: Տեղեկությունները, սակայն, այնքան էլ շատ չեն: Արթուր Վանեցյանը հայտնել է միայն, որ բացահայտումների գործով արդեն բերման ենթարկվածներ կան:
Նրանցից բացատրություններ են վերցրել եւ, Վանեցյանի հավաստմամբ, նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: ԱԱԾ տնօրենը, սակայն, չի շտապել պատասխանել հարցին, արդյո՞ք այդ գործում բարձրաստիճան պաշտոնյաների անուններ կլինեն, բայց խոստացել է դա անել առաջիկայում: Արթուր Վանեցյանը, հիշեցնենք, լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ԱԱԾ-ն նախկինում կատարված հանցագործությունների, այսինքն՝ կոռուպցիոն համաձայնության արդյունքում կոռուպցիոն շղթաների բացահայտում է իրականացնում, եւ կարճ ժամանակում խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած անձանց բացահայտման եւ օրենքի ուժով պատասխանատության ենթարկման դեպքեր կլինեն: Իսկ ապօրինի հարստացած մարդկանց ոչ թե բանտերն են լցնելու, այլ գումարներ են վերադարձնելու պետբյուջե:
Մովսես Հակոբյանն ազատվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Որոշման մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ այդ պաշտոնում նշանակվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Հետո արդեն վարչապետն ասել է, որ անակնկալ տեղեկություն է ստացել. պարզվել է, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ից նամակներ է ստացել, որի մասին ինքը տեղյակ չէ: ՍԱՊԾ պետն արդարացել է. նման նամակները պարբերական բնույթ են կրում: Նշենք, որ խոսքը հայկական լոլիկի արտահանման ժամանակ ռուսական կողմի արգելքների մասին է: Փաշինյանն ուշադիր լսել է Իշխան Կարապետյանի պարզաբանումները եւ հանձնարարել գյուղատնտեսական թեժ սեզոնին առավելագույնս բացառել նման դեպքերը:
Նիկոլ Փաշինյանը, կարծես, որոշել է վերջնականապես լուծել նաեւ անորակ ճանապարհաշինության հարցը: Կոնկրետ հարցով հանձնարարություն է տվել տրանսպորտի նախարարին. հայ-վրացական միջպետական ճանապարհի շինարարության վերահսկողությունն իրականացնող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրում որակի պատասխանատվության մասին կետ ներառել: Եթե պետք է, նաեւ օրենսդրական փոփոխություններ կարվեն:
Այսուհետ վերահսկողությունն ավելի խիստ կլինի նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է տեսչական ստուգումներն առավելագույնս թափանցիկ անցկացնել՝ դրանցում ընդգրկելով նաեւ բնապահպանության ոլորտի մասնագետներին ու լրագրողներին: Եվ վերջում՝ ֆինանսական միջոցների սղության եւ ստվերի մասին:
Ալեն Սիմոնյանը զրկվեց Երեւանի ավագանու անդամի մանդատից: Տարոն Մարգարյանն այսօր արձանագրություն է կազմել եւ ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քաղաքապետը Սիմոնյանին ուղղված նամակում պարզաբանել է, որ նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, եւ ավագանու անդամի տեղից զրկվում է օրենքի ուժով:
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ քաղաքապետի այս որոշումն իր համար սպասելի էր: Սիմոնյանը, միաժամանակ, տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա նիստին, արդեն, իհարկե, ոչ ավագանու անդամի կարգավիճակով:
Իսկ ԿԸՀ-ն այսօր նիստ է գումարել եւ հրապարակել ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամների անունները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանին ավագանիում կփոխարինի Վիկտոր Ենգիբարյանը, փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանին՝ Ռուբեն Ռուբինյանը:
Ալեն Սիմոնյանի հարցը չի քննարկվել, քանի որ նրա մասով քաղաքապետի դիմումն այսօր է ստացվել: Տիգրան Մուկուչյանը նաեւ բացատրել է, որ ԿԸՀ-ն ավագանու անդամին մանդատից զրկելու լիազորություն չունի: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ, սակայն մայիսի 22-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Մամուլի տեղեկություններով՝ նա ցանկանում էր ավագանու անդամ մնալ, ինչը թույլ կտար, Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում, առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Հիմա, ամենայն հավանականությամբ, Սիմոնյանը հետ կվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինչի հնարավորությունն ունի:
Դոլարն ու եվրոն նորից սկսել են թանկանալ: Մայիսի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 566, ռուբլունը՝ 7 դրամ 86 լումա, ֆունտինը՝ 646 դրամ:
Մայիսի 25-29-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես կեսօրից հետո տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+14, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:











