Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Քըզըլթեփեյի շրջանում գտնվող պատմական Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին հայտնվել է բախտի քմահաճույքին։

Թուրքական Evrensel.net կայքը գրում է, որ թուրքական իշխանությունների կողմից եկեղեցին Մարդինի կաթոլիկ հայկական եկեղեցու հիմնադրամին հանձնելուց հետո եկեղեցու ճակատագիրը կրկին անորոշ է մնում, քանի որ հիմնադրամը եւս ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում վերանորոգել այն։

Հայկական պատմական  եկեղեցին, որի կառուցման տարեթիվը հայտնի չէ, երկար ժամանակ որպես գյուղատնտեսական թունաքիմիկատների պահեստ է օգտագործվել, մինչեւ որ այն հայտնաբերվել է թուրք հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի կողմից:

Պետության կողմից 2004 թվականին Սուրբ Գեւորդ եկեղեցին վերցվել էր հսկողության տակ եւ որոշում կայացվել՝ վերանորոգել այն: Սակայն նշանակված պահակը «հայերի գանձերը» գտնելու նպատակով մոտ 7 մետր փոս է փորել եկեղեցու ներսում, որի հետեւանքով դեռեւս կանգուն մնացած տանիքը փլվել է: Այս դեպքից հետո եկեղեցու պահակին ձերբակալել են:

Եկեղեցու տանիքը փլուզվելուց հետո վերոնորոգման աշխատանքները դադարեցվել են եւ երկար ժամանակ չանցած իշխանությունները եկեղեցին հանձնել են Մարդինի կաթոլիկ հայկական եկեղեցու հիմնադրամին՝ շեշտելով. «Կարող եք վերանորոգել»: