News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները միայն մեկ գործառույթ ունեն, ամեն գնով պաշտպանել գերատեսչության ղեկավարի շահերը, սակայն շատ հաճախ չափազանց ջանադրության պատճառով պաշտպանելու փոխարեն ավելի են խորացնում ղեկավարի, առանց այն էլ խախուտ դիրքերը:

Վերջին ցայտուն օրինակը Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը մատուցեց՝ բոցաշունչ մի հաղորդագրություն տարածելով NEWS.am գործակալության փոքրիկ մի ռեպորտաժի վերաբերյալ:

NEWS.am-ը հունիսի 12-ին ռեպորտաժ էր ներկայացրել Կոմիտասի անվան Պանթեոնից, երբ Սերժ Սարգսյանին էր մոտեցել մի կին, ով բողոքել էր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից՝ իրեն ներկայացնելով որպես վերջինիս զոհ: Նախագահը հանձնարարել էր իր օգնականին լսել կնոջը եւ ընդունել նրան: Ռեպորտաժն ուղեկցվում էր կարճ տեսագրությամբ, որտեղ կինը` Վարդուհի Զաքարյանը, ներկայացնում էր իր հետ կատարվածը:

Հատուկ նշենք, որ NEWS.am-ը, բարեխղճորեն կատարելով իր՝ որպես լրատվական միջոցի պարտականությունը, լուսաբանելով տեղի ունեցածը, որեւէ բառ չէր աղավաղել անձի խոսքում, սեփական որեւէ մեկնաբանություն եւ եզրակացություն չէր արել, ընդամենը ներկայացրել էր միջադեպը եւ տիկնոջ խոսքը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը շտապեց NEWS.am-ին մեղադրել անբարեխիղճ վերաբերմունքի եւ գլխավոր դատախազի հասցեին զրպարտող տեղեկություններ տարածելու մեջ: Հընթացս, մամուլի ծառայությունը նշել էր, թե նախագահին մոտեցած կինը՝ Վ.Զաքարյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել, «նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում փորձագետը նրա մոտ ախտորոշել է «Շիզոֆրենիա. անձի պարանոյալ զարգացում» հոգեկան հիվանդություն եւ մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է անմեղսունակ»։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ NEWS.am լրատվական գործակալությունն անբարեխիղճ վերաբերմունք չի դրսեւորել, այլ ընդամենը արձանագրել է միջադեպը: Այսինքն, NEWS.am լրատվական գործակալության կողմից տարածվել է տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը. «Մամուլի առջեւ դրված է խնդիր տարածելու տեղեկատվություն, իսկ հասարակության մոտ՝ իրավունք ստանալու այն» (տես՝ Thorgeir Thorgeirson v. Iceland, 25.06.1992, Series A N 239, case number 13778/88): Տվյալ դեպքում, NEWS.am լրատվական գործակալությունը չի կրում որեւէ պարտականություն պարզելու անձի անմեղսունակ կամ անգործունակ լինելու կամ չլինելու հանգամանքը, ավելին հրապարակված նյութը վերաբերում էր տեղի ունեցած միջադեպին, որը եւ լուսաբանվել է NEWS.am լրատվական գործակալության կողմից:

Ի դեպ, եթե դատախազությունը նշում է, որ NEWS.am լրատվական գործակալության կողմից կատարվել է որեւէ խախտում, ապա կարծում ենք, որ վերջինս պետք  է նաեւ նշի, թե որ իրավական դրույթներն են խախտվել NEWS.am լրատվական գործակալության կողմից, բացի այդ կարծում ենք՝ դատախազությունն ինքը պարտավոր է զերծ մնալ զրպարտչական հայտարարություններ կատարելուց` պահպանելով օրենսդրության պահանջները:

Տպել
Ամենաշատ