Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը օրեր առաջ է վերադարձել հանգստից, իսկ այժմ շարունակելու է հանգստանալ Երեւանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքի անցնելու հետ կապված առաջարկ, հրավեր, քննարկում չկա: Հարցին, թե չեք հոգնել հանգստից եւ մինչեւ երբ եք որոշել հանգստանալ, նախկին ոստիկանապետն ասաց. «Ոչինչ, երկար աշխատել եմ, հիմա մի քիչ կարելի է հանգստանալ: Տեսնենք` ինչքան կհանգստանամ, կերեւա, առաջարկներ չկան, որ լինի, կասեմ անպայման, ես դեռ հանգստանում եմ»:
Նախկին ոստիկանապետը դեռ չի մտածել, թե ինչ է անելու, եթե ոստիկանական համակարգից առաջարկ չլինի եւ չի կարող ասել, թե իր աշխատանքը, բացի ոստիկանական համակարգից, ուրիշ որտեղ է պատկերացնում: «Կերեւա, առաջարկներ կլինի, ըստ դրա, կերեւա, կտեսնենք, որտեղ էլ լինի, կաշխատեմ նորմալ»,- ասաց նա: Ներսիկ Նազարյանն ասաց, որ որեւէ խնդիր չկա, կաշխատի ոստիկանական համակարգում, եթե նույնիսկ նախորդից ցածր պաշտոն առաջարկվի: «Ես սպա եմ, որտեղ որ առաջարկեն, այդտեղ էլ կաշխատեմ, ի՞նչ խնդիր կա, իսկ ով է ասում, որ միշտ պետք է աշխատենք շատ-շատ, որտեղ որ առաջարկեն, այնտեղ էլ կաշխատեմ, ի՞նչ է եղել»: Նա նաեւ ասաց, որ լավ հարաբերություններ ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, զրույցներ ունեցել են տարբեր թեմաներով, բայց ոչ իր` աշխատանքի անցնելու հետ կապված: «Կարոտո՞ւմ, կարոտելը ի՞նչ հասկացողություն է, կարոտում եմ ես իմ երեխաներին, թոռնիկներին, պաշտոնի կարոտելը ո՞րն է, աշխատանք է, աշխատել ենք»,- ասաց Երեւանի նախկին ոստիկանապետը:
Նա, ի դեպ, դրական արտահայտվեց Երեւանի ոստիկանապետի պաշտոնում իրեն փոխարինած Աշոտ Կարապետյանի մասին: «Աշոտ Կարապետյանը նորմալ է աշխատում, ինքը ոստիկան է, շատ լավ աշխատում է, իր գործը գիտի, պրոբլեմներ չի կարող լինել, իհարկե, կարող են տարբեր պրոբլեմներ լինել, բայց դրանք բոլորը շտկվող են աշխատանքի ընթացքում»,- ասաց Ներսիկ Նազարյանը:
Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, ինչի պատճառով, ոստիկանապետի ակնարկների համաձայն, նրան աշխատանքից ազատել էին, ապա Ներսիկ Նազարյանը շեշտեց, որ բիզնեսով չի զբաղվում, բացարձակ ոչ զբաղվել է, ոչ զբաղվում է եւ ոչ էլ զբաղվելու է. «Դա ինձ համար չի, նորմալ բան է, բայց ես նման բանով չեմ զբաղվում, չեմ ուզում փնովել, բայց ես չեմ զբաղվում, դա իմ մասնագիտությունը չի, իմ գործը չի»,-ասաց Ներսիկ Նազարյանը, ում որդուն է պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետը եւ մի քանի այլ բիզնեսներ :
Նախկին ոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ, թե չի կանչվել հարցաքննության` բարձրաստիճան ոստիկանների կողմից ղեկավարվող ֆինանսական բուրգի աղմակահարույց գործի շրջանակներում: Նա ասաց, որ ինքը նման խնդիր չունի:




























