Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերված 16-ամյա Հ. Մ-ի հուղարկավորությունը, հավանաբար, կկայանա այսօր` սեպտեմբերի 10-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդիի Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը:
Նա նշեց, որ ամբողջ դպրոցը սգի մեջ է, քանի որ մեծից փոքր բոլորը սիրում էին Հ.Մ.-ին, հպարտանում եւ հիանում նրանով: «44 տարվա մանկավարժ եմ, այդքան լավ երեխա չեմ տեսել, անցյալ տարի «Հայ ասպետին» մասնակցեց եւ թիմով առաջին տեղը զբաղեցրին: Լավ էր սովորում, մաթեմատիկայի հանդեպ մեծ սեր ուներ, ուզում էր ընդունվել Ծրագրավորման ֆակուլտետը: Սեպտեմբերի 2-ի տողանի ժամանակ 3-4 պատվոգիր, գովասանագիր էր բերում դպրոցին, Ըմբշամարտի դպրոց էր գնում, մրցումների էր մասնակցում: Այդքան լավը չի լինում, դրա համար էլ այդ ճակատագիրն ունեցավ, նա հրաշք էր»,- պատմեց տնօրենը:
Նա տեղեկացրեց, որ Հ. Մ.-ի հայրը հիվանդ էր, տարան Գերմանիա` բուժման, բայց 15 օրվա ընթացքում մահացավ: Նա ուներ իրենից մեկ տարով փոքր եղբայր, ով եւս, տնօրենի հավաստմամբ, հրաշալի երեխա է:
Երեխայի մայրը չի աշխատում, նրանց օգնում են տատիկ, պապիկը, Լոտիի մարզպետը, Ալավերդիի քաղաքապետը, Ըմբշամարտի դպրոցի տնօրենը, «հայրը նրանց ընկերն է եղել, շատ են օգնում»:
Տնօրենը նշեց, որ Հ.Մ.-ն ջրից վախենում էր, ընդհանրապես ջուրը չի մտել, փոթորիկ է եղել, ալիքը նրան քշել ու տարել է: «Ալիքը խփել է, սիրտը պայթել է, մայրն էլ ասաց, որ ինքը ջրից վախեցող երեխա էր, ընդհանրապես ջուրը չի մտել, փոթորիկ է եղել»,- ասաց Ալվարդ Բաբայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնաբերվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ի սահմաններում կորած է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,) դին: Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին: Տղան գնացել էր Վրաստան` մասնակցելու սեպտեմբերի 5-սեպտեմբերի 13-ը Վրաստանում կայանալիք ըմբշամարտի մրցումներին:




























