Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալն այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 1,3 տոկոսով: Ծառայությունների գծով եւս անկում է արձանագրվել 0,7 տոկոսի չափով:

Կասկածից վեր է, որ գրեթե երկնիշ գնաճը (օգոստոսին տարեկան հաշվարկով այն կազմել է 9,3 տոկոս) հանգեցրել է բնակչության կողմից ապրանքների եւ ծառայությունների սպառման նվազման: Իրականում, իհարկե, կտրուկ վատացել է միայն բնակչության անապահով խավերի վիճակը, որոնք բացարձակ մեծամասնություն են կազմում:

Ինչ վերաբերում է հասարակության հարուստ խավերին, ապա մի շարք անուղղակի տվյալներ հնարավորություն են տալիս ենթադրել, որ այդ կատեգորիայի ներկայացուցիչների կյանքի պայմանները չեն վատացել, ավելի շուտ հակառակը: Այսպես, «բնակչության» ներդրումը երկրի բանկերում, օգոստոսի վերջի դրությամբ, տարեկան կտրվածքով աճել է 144,8 մլրդ դրամով (կամ 24,9 տոկոսով)՝ կազմելով 726,4 մլրդ դրամ:
Մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը օգոստոսին կազմել է 124,7 մլրդ դրամ, եւ ընթացիկ գներով տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 0,7 մլրդ դրամով կամ 5,9 տոկոսով: Բայց դա միայն մի մասով է պայմանավորված գնաճով:

Արդյունքում մարդիկ սկսել են ավելի շատ վճարել եւ ավելի քիչ ծախսել: Աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները ակնհայտորեն չեն օգնում գնաճի դեմ պայքարում:

Որոշակի հետաքրքրություն է առաջացնում մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկան առեւտրի օբյեկտների տեսակների առումով: Այսպես, օգոստոսին խանութներից կատարվող ապրանքների վաճառքի ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է 5,1 տոկոսով: Մնացած տեսակներով մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է:

Մանրածախ ապրանքաշրջանառության մեջ կտրուկ անկում է գրանցվել, այսպես կոչված, տոնավաճառների մասով. Այն կրճատվել է 34,5 տոկոսով:

Ինչպես հայտնի է, տոնավաճառներում հիմնականում վաճառվում է հագուստ եւ կոշկեղեն (միջին գնաճը 1,9 տոկոս), ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնիկա ու կենցաղային տեխնիկա (միջին գնաճը 5,1 տոկոս): Հասկանալի է, որ «գնաճային» գերածախսը կարեւորագույն ապրանքների ու ծառայությունների մասով, սահմանափակել է շատ ընտանիքների իրական գնողունակությունը: Դրա արդյունքում կրճատվել է պահանջարկը տոնավաճառներում: Կրճատվել է նաեւ կրպակներից կատարվող վաճառքի ֆիզիկական ծավալը (25,4 տոկոսով), գյուղմթերքների շուկայում (6,5 տոկոսով), ինչպես նաեւ «այլ ապրանքների մասով» (3,1 տոկոսով): Վերջին դեպքում խոսքը հիմնականում վառելիքի մասին է:

Զարմանք է հարուցում քաղաքային շուկաներում գյուղմթերքների սպառման նվազումը, քանի որ պաշտոնական տվյալներով ընթացիկ տարում բարձր բերքատվություն է եղել:
 

Ալբերտ Խաչատրյան