Լեհաստանի սահմանադրական տրիբունալի շենքի մոտ ձերբակալել են դանակով մի տղամարդու, որի դեմքը մասամբ ծածկված էր։ Միջադեպը խուճապ է առաջացրել հավաքվածների շրջանում․ մարդիկ սկսել են բղավել, իսկ միջոցառման կազմակերպիչները տղամարդու ձեռքից վերցրել են դանակը։ Այս մասին Polsat News-ի եթերում հայտնել է Լեհաստանի խորհրդարանի «Իրավունք և արդարություն» կուսակցության պատգամավոր Աննա Գեմբիցկան։
Պատգամավորի խոսքով՝ ինչ-որ պահի ներկաների շրջանում իրարանցում է սկսվել։ Հավաքվածները սկսել են բղավել՝ «սադրիչ», որից հետո մի քանի հոգի փորձել են տղամարդու ձեռքից վերցնել դանակը։ Կազմակերպիչները նաև պահանջել են, որ նա հանի դիմակը՝ դա բացատրելով մասնակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Գեմբիցկան նշել է, որ անձամբ տեսել է տղամարդու ձեռքից վերցված դանակը։ Նա տեղի ունեցածը կասկածելի է որակել։
Ըստ պատգամավորի՝ երբ տղամարդու շուրջ ամբոխ է հավաքվել, նա վազել է դեպի ոստիկանական մեքենան։ Ավելի ուշ նրան ձերբակալել են։ Գեմբիցկայի ելույթի պահին տղամարդը գտնվել է ոստիկանական մեքենայում։
Միջադեպը տեղի է ունեցել Լեհաստանի սահմանադրական տրիբունալի շուրջ սուր ճգնաժամի ֆոնին։ Հոկտեմբերի 30-ի երեկոյան դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկան հայտարարել է տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարտոմեյ Սոխանսկու լիազորությունների կատարման ժամանակավոր կասեցման մասին։
Խորհրդարանի կողմից ընտրված յոթ դատավորներ շենք են մտել Պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Տրիբունալի գործող ղեկավարությունը վիճարկել է այդ որոշումների օրինականությունը, իսկ արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը միջնորդություններ է ներկայացրել մի շարք պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է Սենեգալ կատարած այցը և վերադարձել Վարշավա։ Հոկտեմբերի 31-ի գիշերը նա Գերագույն դատարանի առաջին նախագահ Զբիգնև Կապինսկու ուղեկցությամբ ժամանել է տրիբունալ։ Մուտքի մոտ նախագահի և դատավորների մասնակցությամբ քաշքշուկ է տեղի ունեցել։




























