Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է «Սթրես» կենտրոնում, նրա առողջական վիճակում որեւէ տեղաշարժ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ վաղը լրանում է նրա ձերբակալման 72 ժամը եւ պետք է խափանման միջոց ընտրվի: Նիկոլայ Բաղադասարյանը դեռ չգիտի, թե ինչ է որոշել նախաքննություն իրականացնող մարմինը: Դրանից բացի՝ վաղը լրանում է նաեւ ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ դատախազին ուղղված իրենց բողոքի եռօրյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչեւ վաղը արդեն պատասխան կլինի՝ կփոխվի ձերբակալման որոշումը, թե ոչ:

«Վարդան Պետրոսյանը դեռ հոգեմետ դեղերի ազդեցությամբ է, նա ի վիճակի չէ երկարատեւ քննչական գործողության մասնակցելու»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նրա հետ դեռ չի զրուցել միջադեպից, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:

Եթե որոշում կայացվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, ապա նրան վաղը «Սթրես» կենտրոնից պետք է տեղափոխեն մեկուսարան, իսկ նման առողջական վիճակի պայմաններում՝  պետք է տեղափոխեն մեկուսարանի հիվանդանոց: Ի դեպ, պատրաստ չէ նաեւ փորձաքննության եզրակացությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները: