Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասնակից, ակտիվիստ Դավիթ Գևորգյանն այսօր լրագրողներին պատմեց, թե ինչ է իր հետ տեղի ունեցել մինչեւ ձերբակալվելն ու դրանից հետո՝ ոստիկանությունում:
Ակտիվիստը նշեց, որ հենց սկզբից այնտեղ ներկա չի եղել, բայց չգիտես ինչու, իրեն ձերբակալել են. «Ես ու ընկերս՝ Դավիթ Հարությունյանը, Օպերա ենք հասել մոտ 17:25 րոպե: Մարդիկ հավաքված էին, ոստիկանների հետ կռիվ սկսեց, բորբոքված, տարբեր կոչեր էին հնչում՝ գնանք ոստիկանություն, Շանթին ազատենք»:
Ըստ ակտիվիստի, իրենք արդեն մեկ անգամ նման իրավիճակում հայտնվել էին, և պարզ գիտեին, թե ովքեր են նման կոչեր հնչեցնում. «Դրանք հիմնականում համազգեստով, շատ անգամ բացահայտված ոստիկանության աշխատողներ են, ովքեր փորձում են սադրել, ինչ-որ գործողությունների դրդել մարդկանց»,- ասաց Դավիթ Գևորգյանը:
Դավիթն իր ընկերների հետ փորձել է հանգստացնել մարդկանց ` ասելով, որ ոչ-ոք ոչ մի տեղ չգնա, քանի որ հիշում էին Մարտի 1-ի դեպքերը. «Ժողովուրդը փողոցներով քայլում էր, իսկ որոշները մտնում խանութներ թալանում, պատուհանները կոտրում, վերջում ներկայացրեցին, թե դա ցույց անող կամ ակտիվիստ մարդիկ են արել»:
Դավիթի պատմելով՝ ընկերների հետ համոզել են ժողովրդին մեկ քայլ հետ գալ ոստիկաններից, նրանց հետ կոնտակտի մեջ չմտնել: «Դրանից հետո ոստիկանները շղթա կազմեցին և մարդկանց մայթի վրայից հրելով չգիտեմ ուր էին ուզում տանեին: Մենք էլ քաղաքացիներով շղթա կազմեցինք, կանգնեցինք ոստիկանների առաջ, ասացինք՝ ո՞ւր գնանք, կամ ինչի՞ համար գնանք»,- պատմեց ակտիվիստը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ ոստիկաններն առանց հիմնավորելու, առանց որևիցե բան ասելու հրամայել են՝ «քայլեք, մարդկանց վրայով քայլեք, բրդելով քայլեք». «Ով բռնելուց ընկավ, ով էլ ինքնակամ գետնին նստեց: Դրանից հետո միանգամից յոթ հոգով կարմիր բերետավորները ամենաբռնի ձևով, ամենալկտի պահվածքով բոլորին հարվածելով, քաշելով վերցնում էին և տանում բառի բուն իմաստով շպրտում ոստիկանական մեքենայի մեջ»:
Մեքենայի մեջ մի մարդ, որը սրտային հիվանդ էր, մեկ բաժակ ջուր էր խնդրել, ոստիկաններից մեկը պատասխանել է. «Սրտային հիվանդ ես, մեռի»: «Այդ մարդը հետո ուշագնաց եղավ մեքենայի մեջ, խառնվեցին իրար, մտածեցին՝ մահացել ա»։
Բերման են ենթարկվելուց 3 ու կես ժամ անց ակտիվիստը ցանկացել է հեռանալ՝ հայտարարելով, որ դա իր իրավունքն է, նրան պատասխանել են. «Տղա ջան, մի քիչ համբերի, հեսա քո հարցերը կլուծեն»: Ակտիվիստի ասելով՝ քիչ անց ներս է մտել քննիչը և ասել, որ նրան ձերբակալում են 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դավիթ Գևորգյանը նշեց, որ նա ոստիկաններին լավություն է արել` ասելով. «Որ ոստիկանը զեկուցագիր կգրի, որ ես այդ ժամանակ ոստիկանի եմ մատով կպել, խոսք եմ տալիս, կհայտնվի ճաղերից այն կողմ, քանի որ ես մինչեւ ժամը 17:00-ը տեսախցիկների ներքո լրիվ ուրիշ շենքում, ուրիշ վայրում եմ եղել»:
Ակտիվիստին ազատ են արձակել 6-7 ժամ պահելուց հետո:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























