Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողներին կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ 19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջդրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երկու զինծառայողների նկատմամբ էլ խափանման միջոցէ ընտրվել երկամսյա կալանքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Քրգործի շրջանակում ձերբակալվել էին նրա երկու ծառակիցները։
Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը: Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։




























