Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Քննիչը այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող դերասանին, նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտնելով, որ մինչեւ չդադարեցնեն ապօրինությունները, ինքը ցուցմունք չի տալու:
Վարդան Պետրոսյանի եւ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.
Քննիչ. Մենք Ձեր կալանքը երկու ամսով երկարացնում ենք:
Վարդան Պետրոսյան. Իսկ ինչի՞ համար:
Քննիչ. Դուք կարող եք այլ հանցագործություն կատարել:
Վարդան Պետրոսյան. Ե՞ս:
Քննիչ. Այո, դուք կարող եք օրենքով արգելված նոր արարք կատարել եւ դատավարության մասնակից այլ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել:
Վարդան Պետրոսյան. Ե՞ս
Քննիչ. Այո, դուք
Վարդան Պետրոսյան. Սցենարը ոնց որ թե դուք եք գրում, ոչ թե ես:
Այս խոսքերից հետո քննիչը ոչինչ չի պատասխանել Վարդան Պետրոսյանին: Նրա խափանման միջոցը երկարացնելու խնդրով դատական նիստը կկայանա առաջիկա երկու օրերին:
Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ առնվազն անտրամաբանական է, որ ազատության մեջ մնալով՝ Վարդան Պետրոսյանը կարող է նոր արարք կատարել: Նա նաեւ նշեց, որ դերասանի առողջական վիճակը լավ է, բայց «Դատապարտյալների հիվանդանոցում» նա լրիվ չի կարող ապաքինվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:
Ինգա Մարտինյան




























