NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, դանակահարվողը դեմ է եղել հարսանիքին, «դեբոշ» է սարքել, ինչի հետեւանքով էլ Արտյոմը դանակահարել է նրան:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 112-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի աշխատակիցը դեռ որեւէ կարգավիճակ չունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում օրերս դանակահարության դեպք է գրանցվել, այս անգամ՝ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակցի մասնակցությամբ: Մեր տեղեկություններով՝ «Շտապբուժօգնության» մեքենայով Գյումրիի բժշկական համալիր է տեղափոխվել Սարգսյան փողոցի թիվ 47 տան բնակիչ 35-ամյա Արմեն Մելսիկի Տիգրանյանը: Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից ու ինքնակամ հեռացել հիվանդանոցից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դանակահարողը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գարեջրի կոմբինատի անվտանգության աշխատակիցներից մեկն է:



























