Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:
Ինչո՞վ եք զբաղվում այժմ, հանգստանո՞ւմ եք:
Հիմա անհանգստանում եմ (ժպտում է-խմբ), որ ավելի շատ իմ ուզած տեղում լինեմ:
Ի՞նչ է, սպորտի նախարարի պաշտոնը ձեր ուզած տեղը չէ՞ր:
Ես երբեք չեմ ձգտել նախարարի պաշտոնին, ամբողջ կյանքս թե սպորտում, թե դրանից դուրս մտածել եմ ժողովրդին ծառայելու մասին: Սպորտի նախարարի պաշտոնը ճիշտ տեղն էր ինձ համար, բայց այս իրավիճակում ես չէի ցանկանա այնտեղ աշխատել:
Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Ձեր ապագա աշխատանքի մասին, օրինակ նշվում է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը կամ աշխատանք ՀԱՕԿ-ում եւ այլն: Որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում:
Շուտով կիմանաք, թե որտեղ ես կլինեմ: Ինձ համար առաջնահերթ է ժողովրդի հետ լինել եւ օգտակար լինել: Իսկ օգտակար լինելու համար անհրաժեշտ են լծակներ, բայց լծակ ոչ այն իմաստով, որ օգտվես: Ես այդ մարդը չեմ, որ ցանկանամ լծակներ ունենամ եւ օգտվեմ, բիզնեսը, թվաբանությունը ինձնից շատ հեռու են: Իմ ամենամեծ պաշտոնը Յուրի Վարդանյան անունն է, ես իմ ընտանիքը կարող եմ պահել միայն դրանով, ինձ համար որեւէ պաշտոն ինքնանպատակ չէ: Թե կոնկրետ ինչ աշխատանքի կգնամ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ իմ գործունեությունը այս պայմաններում հնարավոր է բոլոր ոլորտներում, բացի մարզաշխարհից:
Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան մրցակցության Ձեր՝ աշխատանքից ազատվելու վերջնարդյունքով տպավորություն է, թե դուք պարտվեցիք:
Եթե դուք համարում եք, որ սա մրցակցություն է, ապա այդ մրցակցության մեջ ես չեմ պարտվել: Կարող է հարց առաջանալ, թե եթե մրցակցություն է եւ իմ դուրս գալով ես չեմ պարտվել, ո՞վ է պարտվել, խորը մտածեք, կտեսնեք: Բայց ում նկատի ունեք, որ պարտվել է, ինքն էլ չի պարտվել, ժամանակը ցույց կտա, թե ով է պարտվել: Պարտվելը իմ դաշտից դուրս է, ես հստակ համոզված եմ, որ ես չեմ պարտվողը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ձեր պաշտոնանկության հարցը նախագահի մոտ բարձրացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ նրա վարչապետ խնամին՝ Հովիկ Աբրահամյանը:
Ես ենթադրություններ չեմ ուզում անեմ, թող մարդիկ իրենց ճկուն հաշվարկներով հասկանան, թե ինչը ոնց է եղել:
Ձեր ճկուն հաշվարկները ի՞նչ են հուշում:
Ես իմ հաշվարկները լավ գիտեմ, բայց չեմ ուզում բարձրաձայնել, ժամանակը ցույց կտա ամեն ինչ:
Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մի տարվա մեջ բազմիցս հանդիպումներ ունեցել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ եթե կարճ ասեմ՝ մարդու այս տեսակի հետ ես չեմ կարողանում շփվել: Հարաբերությունների մասով էլ կա այն, ինչ կա: Իսկ Հովիկ Աբրահամյանի հետ իմ հարաբերությունները շատ լավ են, ես չեմ հավատում, որ ինքը որեւէ դեր է ունեցել իմ աշխատանքից ազատվելու մեջ:
Ի՞նչ տվեց Ձեզ նախարարի մեկ տարվա աշխատանքը, նոր թշնամինե՞ր, նոր հակամարտություննե՞ր, գլխացավանքի նոր առիթնե՞ր եւ խնդիրնե՞ր:
Ինչքան ինձ ավելի էին սեղմում, այնքան ավելի էի կարծրանում, մարզիկին հատուկ բան է: Չարչարանքը, աշխատանքը, նյարդային վիճակները ինձ ավելի ուժեղ են դարձրել, ես բացարձակ չեմ ափսոսում որեւէ բանի համար:
Ի՞նչ ժառանգություն եք թողել Ձեզ փոխարինողին: Ինչի՞ համար եք ամենաշատը ցավում:
Գեղեցիկ չէ, որ այդ ժառանգության մասին ես ասեմ, հարցրեք իմ աշխատակիցներին: Համենայն դեպս, ես հասցրեցի մի տարվա մեջ սեփականաշնորհված սպորտի 70 տոկոսը ետ բերել: Ամենաշատը ցավում եմ այն գործերի եւ ծրագրերի համար, որոնք այս մեկ տարվա ընթացքում չհասցրի իրագործել:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը


























