News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի եւ դատապարտելի է սրբավայրերի շրջակայքում նման միջոցառումների անցկացումը, որոնք կարող են սրբապղծության առիթ դառնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» տաճարում փարթիների կազմակերպմանը:

«Ցավալի է այն ամենը, որ կատարվել է խոնարհված «Զվարթնոց» տաճարի տարածքում: Այն մեզ համար կա եւ մնում է իբրեւ իր հոգեւոր առաքելությունը կատարող նվիրական սրբավայր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը երբեք դեմ չէ հոգեւոր-մշակութային միջոցառումների կազմակերպմանը պատմական վանքերի եւ եկեղեցիների հովանու ներքո: Սակայն Մայր Աթոռի համար անընկալելի է նմանատիպ միջոցառումների արտոնումը:

Չպետք է գայթակղության առաջնորդել մեր հավատավոր ժողովրդին եւ առավել եւս արատավորել քրիստոնյայի բարի անունը, ինչպիսին մեր ազգը ճանաչված է ամբողջ աշխարհում»,-ասել է Մելիքյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին «ընտրյալների խնջույք» էր կայացել: «Հաստատությունը» վարձակալել էր «Տեմպ վենչուրս» ընկերությունը, մասնակցել էին հայ եւ ռուս գործարարներ, կայացել էր մրցույթ, վերջում էլ ֆուրշետ:  Սակայն, ըստ մամուլի. Կազմակերպիչը եղել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի ՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վճարովի հիմունքներով պատմամշակութային  հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումը: Հուշարձանի վարձակալման վճարը մեկ օրվա համար կազմում է 200-ից 700 հազար դրամ:

Այսօր էլ Կենտրոնական բանկն է «խնջույք» անում: Այս անգամ վարձակալել  են Գառնիի հեթանոսական տաճարը: Վարձակալման վճարը ոչ ավել, ոչ պակաս 1 մլն դրամ է: Ամենայն հավանականությամբ, միջոցների ավելի լավ տնօրինում չի գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ