Ազատամարտիկներին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկելու տեղեկությունների մասով նախապատրաստված նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նյութեր պատրաստելու հիմք է հանդիսացել լրատվամիջոցների հրապարակումները, որ վերջինիս թիկնապահներն են ծեծի ենթարկել ազատամարտիկներին «Գետափում» տեղի ունեցած ճաշկերույթից հետո: Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ փոխոստիկանապետի այն հայտարարությունը, թե «ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Կապ ունի Լեւոն Երանոսյանը ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքի հետ, թե ոչ, այժմ արդեն կորոշի Հատուկ քննչական ծառայությունը:

Հիշեցնենք, որ  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել է Լեւոն Երանոսյանը: Թերթը հայտնում է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկը: «Այն եզակիներից է, որ հաճախ է հյուրընկալվում Սարգսյանին եւ հնարավորություն ունի ուղիղ զանգահարելու երկրի ղեկավարին, երբ ցանկանա: Եւ, ահա, այս պաշտոնյան երկու ըմբոստ հրամանատարներին հրավիրել է «Գետափ»՝ հաց ուտելու, այդ ընթացքում նրանց փորձել է համոզել քաղաքական գործընթացներին չխառնվել: Երբ չի ստացվել, զգուշացրել է, թե ակտիվ մի՛ եղեք: «Լավ կլինի երկրից հեռանաք, թե չէ կարող է կրակենք»,- կատակել է գեներալ Երանոսյանը: Հրամանատարները դուրս են եկել պանդոկից եւ փողոցում հարձակման ենթարկվել: Սա արդեն ուղղակի «բեսպրեդել» է, սադրանք, որն արդարացում չի կարող ունենալ. ազատամարտիկներին դրդում են կոշտ գործողությունների, որ բանտարկե՞ն»,-գրել է թերթը: