Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հաստատում է, որ սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2 անգամ զանգահարել, զրուցել է իր հետ: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ազատամարտիկը ասաց, որ ոստիկանապետը զանգել է իր առողջական վիճակի մասին տեղեկանալու համար:
«88թ.-ից մտերիմ հարազատ հարաբերությունների մեջ ենք, կադրերը տեսել էր, զանգել էր մանրամասներ ճշտելու, հատկապես իմ առողջական վիճակի մասին իմանալու համար: Աստված հեռու պահի, եթե իր մատն էլ փուշ մտնի, ես էլ պիտի անհանգստանամ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց ազատամարտիկը:
Սմբատ Հակոբյանը նշեց, որ վստահում է ոստիկանությանը և հավատում, որ ամեն ինչ կանեն գործը բացահայտելու համար: Նա չի կարծում, որ ոստիկանության կողմից գործը կոծկելու միտում կա:
Ազատամարտիկի խոսքով, հիվանդանոցի բժշկուհիներից մեկն իրեն տեղեկացրել է, որ նախագահը նույնպես դեպքի օրը զանգել է հիվանդանոց և հետաքրքրվել նրա առողջական վիճակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ:
Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:
Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:





























