Երեւանում հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկը՝ 27-ամյա Վահագ Գեւորգյանը, գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, նրա վիճակը ծանր է:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան հրազենային վնասվածք է ստացել որովայնի ե կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում:
Վահագ Գեւորգյանը վիրահատվել է, այս պահին հետվիրահատական վիճակում է, գիտակցությունը տեղն է:
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:
Հոկտեմբերի 26-ին՝ 00:20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Վլադիմիր Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության՝ վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից Խորենացու փողոցում:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00:25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:
Նույն օրը՝ ժամը 03:35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն եւ Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:




























