News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին վրացական իշխանություններն արգելել են ելույթ ունենալ հուլիսի 24-ին Ջավախքում կազմակերպված տերյանական օրերին նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին այսօր` հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասացին իրենք` պատգամավորները:

Արծվիկ Մինասյանը պատմեց, որ  երբ իրենք մոտեցել են շրջանային ղեկավարության՝ ազգությամբ հայ ներկայացուցիչներ Հենզել Մկոյանին, Վան Բայբուրթին, Վալոդյա Ստամբոլցյանին, որոնք միջոցառման կազմակերպիչներն են, ու պնդել, որ պետք է ելույթ ունենան, վերջիններս ասել են, թե Ջիվանիին նվիրված միջոցառման օրն էլ ելույթներ են եղել, եւ մարդիկ ձանձրացել են: Հետո ԱԺ պատգամավորները ելույթ ունենալու համաձայնություն են ձեռք բերել, բայց, նրանց խոսքով, «իշխանությունների ազգային անվտանգության հետ ունեցած կոնտակտի պատճառով զրկվել են ելույթ ունենալու հնարավորությունից»:

«Վրացական իշխանությունների համար հասկանալի էր, որ հայ պատգամավորները ամբիոնից հնչեցնելու էին ջավախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված խոսքեր, ինչի պատճառով էլ արգելել են նրանց ելույթները»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Այդ միջոցառմանը կարողացել է ելույթ ունենալ «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Ուզունյանը, ում ելույթը կոպտորեն խոչընդոտել են` անջատելով բարձրախոսը: «Հայկական իշխանությունները մի կողմից ջավախքահայերին մղում են Հայաստան չգալուն` բարդացնելով հնարավոր բոլոր մեխանիզմները, թե սահմանային կետերում, թե մաքսային ձեւակերպումներում, հիմա էլ այդ ամենին գումարվել է կրավորական կեցվածքը հոգեւոր-մշակութային դաշտում տեղի ունեցող այսպիսի իրադարձություններին չդիմադրելու առումով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արմեն Մարտիրոսյանը  նշեց, որ հայապահպանության առումով Ջավախքում բարդ իրավիճակ է, առկա է մեր մշակութային, լեզվական ժառանգության, եկեղեցու պահպանության խնդիր` հավելելով, որ խիստ տարօրինակ է, որ ռուսատյացությամբ լեցուն Վրաստանում նախընտրել են հայկական միջոցառումն անցկացնել ռուսերենով, երբ Ջավախքում  բոլորը հայ են: Նա բարձրաձայնեց նաեւ մեկ այլ խնդիր` թուրքական կապիտալի մուտքը Ջավախք, որը կլինի վրաց-թուրքական սահմանը բացելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ