Երեւանում այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի հետնամասում 15-ամյա աղջկա դիակ հայտնաբերվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Ըստ նախնական տեղեկությունների` տեղի է ունեցել ինքնասպանություն:
Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մահացածը նույն դպրոցի սան 15-ամյա Զինա Սիմոնյանն է: Նրանք այլ մանրամասներ չհաղորդեցին` պատճառաբանելով, որ «շատ խառն են»:
Դպրոցից հայտնեցին, որ իրենց մոտ սովորաբար մտավոր թերզարգացած, հոգեկան խնդիրներ ունեցող, ագրեսիվ երեխաներ են լինում: Ասում են, թե Զինա Սիմոնյանը մտավոր թերզարգացած էր եւ հոգեկան խնդիրներ ուներ:
Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ Զ. Սիմոնյանը ծնունդով Արտաշատից է եւ օժանդակ դպրոց նրան տեղափոխել էր մայրը: Վերջերս մայրը նրան մի քանի օրով տարել էր տուն եւ միայն մի քանի օր առաջ նորից բերել դպրոց: Այսօր ցերեկային հանգստի եւ քնի ժամին երեխան դիմել է դաստիարակչուհուն, որպեսզի գնա զուգարան: Տեսնելով, որ երեխան ուշանում է, դաստիարակչուհին բարձրացրել է զուգարան եւ տեսել, որ պատուհանը բաց է: Նայելով ներքեւ` դաստիարակչուհին տեսել է ընկած երեխային:




























