News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նոր ալիք-2012» մրցույթում հայկական պատվիրակությունը այսօր կվերադառնա Երեւան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը կվերադառնա երկու օրից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սուրեն Առուստամյանի պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Ինչ վերաբերում է բուն մրցույթին եւ Հայաստանի մասնակցի` մրցանակակիրների ցանկում չընդգրկվելուն, ապա նա նշեց, որ մրցույթի առաջին օրը Սուրեն Առուստամյանին կարելի էր ավելի բարձր միավորներ դնել, »բոլորը ասում էին, որ այդ օրը նա առաջինն էր»: Նա շատ գոհ էր Սուրեն Առուստամյանի առաջին օրվա ելույթից, եւ այն գնահատեց 100 տոկոսանոց: Ի դեպ, առաջին օրը Սուրեն Առուստամյանը կատարեց Էրիք Քլեփթոնի Change The World երգը, մրցութային երկրորդ օրը`  Անդրեի «Իմ սերը քեզ»-ը, իսկ  երրորդ օրը` Brandon Stone-ի  Next to you երգը:

«Չեմ կարող ասել, թե ինչու այդպես եղավ, փոխել են ձեւը, երրորդ օրվա քվեարկությունը չբարձրաձայնեցին, միանգամից ասացին տվյալները»,- նշեց Իրինա Վարդանյանը: Պրոդյուսերը շեշտեց, որ մրցույթում այնքան լավ, ուրախ, ընկերական մթնոլորտ էր տիրում, որ այդ հարցը նույնիսկ դարձել էր երկրորդական եւ երրորդական:

Նրա փոխանցմամբ` Սուրեն Առուստամյանը մրցույթում չհաղթելուց  հետո ընդհանրապես հուսահատված չէ, բայց ամեն դեպքում նրանց համար եւս սպասելի չէր նման արդյունքը: Պրոդյուսերի կարծիքով` գուցե պատճառը մրցույթից մի քանի օր առաջ երգի փոփոխությունն էր, եւ Հայաստանի ներկայացուցիչը չհասցրեց «մարսել», գուցե Սուրենի` ռոքային երգիչ լինելը, քանի որ նրա երգերը եւ ոճը այս մրցույթի ֆորմատի մեջ այնքան էլ չի մտնում:

Ինչ վերաբերում է ուկրաինական լրատվամիջոցների  տարածած տեղեկություններին, թե Սուրեն Առուստամյանը լրջորեն հրապուրվել է մրցույթում Ուկրաինան ներկայացնող երգչուհի Մարիա Յարեմչուկով, ապա պրոդյուսերը նշեց, որ այդ հարցերին ճիշտ կլինի պատասխանի Սուրենը: Իսկ թե որքանով են իրականությանը համապատասախանում այդ տեղեկությունները, Իրինա Վարդանյանը նշեց` «ծուխն առանց կրակ չի լինում»:

Ի դեպ, ուկրաինական լրատվամիջոցները նաեւ հայտնել էին, որ Սուրենը այս հարցում լուրջ մրցակից ունի` հանձին իտալացի երգիչ Կոստանցոյի, բայց Մարիան առայժմ որևէ մեկին նախապատվություն չի տալիս:

Նշենք, որ Լատվիական Յուրմալա քաղաքում ավարտվել է փոփ երաժշտության երիտասարդ կատարողների 11-րդ միջազգային «Նոր ալիք-2012» մրցույթը: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն առաջատարների եռյակում չի հայտնվել: նա 7-րդ հորիզոնականում է: Իսկ գլխավոր մրցանակը` 50 հազար եվրոն, հասել է մրցույթի հաղթող, ռուսաստանցի երգչուհի, Niloo-ին: 30 հազար եվրոն ստացել է Իտալիայից Կոնստանցո դել Պինտոն, որը երկրորդ տեղն է զբաղեցրել: 20 հազար եվրոն ստացել է երրորդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի մասնակցուհի Մարիա Յարեմչուկը: Նրան նաեւ հանձնել են երաժշտական տեսահոլովակի նկարահանման սերտիֆիկատ «Մեգաֆոնից» եւ երգի ռոտացիա  «ՄՈՒԶ TV» հեռուստաալիքում: Այս տարի մասնակցել են 14 երկրներից 16 կատարողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ