ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի առողջական վիճակը փոքր-ինչ վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:

«Շատ փոքր դեպի վատն է գնացել, որպես կանոն` տրավման 2-3-րդ օրերին ավելի սրվում է, վիճակը նույնն է, որեւէ դրական տեղաշարժ չկա, բացասական էլ` քիչ»,- նշեց նա:

Նրա խոսքով` առայժմ որեւէ բան ձեռնարկելու կարիքը չկա, անհրաժեշտ դեղորայքներ, արյուն ունեն եւ օգտագործում են: «Համատեղ ուժերով արվում է ամեն ինչ, մասնագետների առումով որեւէ խնդիր չունենք, կես ժամը մեկ ինձ զեկուցում են առողջական վիճակի մասին»,- նշեց նա:

Հայկ Դարբինյանը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսվում է օրվա ընթացքում անել Դիանա Սիրունյանի դեմքի ոսկորների ֆիկսացիա, ինչը կյանքի հետ կապ չունի, պարզապես չեն ցանկանում` շատ անցնի, որպեսզի հետո դժվար չկպնեն ոսկորները: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։