Պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության արդեն նախկին պետ Արտաշես Փարսադանյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին` անդրադառնալով իր պաշտոնանկությանը:

Ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր պաշտոնականությունը, ինչի՞ են ձեզ աշխատանքից ազատել:

Տարիքի պատճառով, մատաղ: 100 տարեկան եմ, ազատվել են, ի՞նչ կա դրա մեջ:

Միայն տարիքի պատճառո՞վ, նախարարը նշել է մի շարք բացթողումներ ռազմաբժշկության ոլորտում:

Նախարարը նման բան չի նշել: Ես չեմ կարծում, որ ինչ-որ խնդիր կա, այդքան բան:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  նշել է  բացթողումներից մեկը` նախազորակոչային բժշկական աշխատանքն հետազոտումը եւ բուժումը, քանի որ հայտնաբերվել են մի շարք դեպքեր, երբ զորակոչիկի հիվանդության մասին տեղյակ չեն եղել ոչ զորակոչային հանձնաժողովը, ոչ էլ հրամանատարը:

Մենք ոչ զորակոչի, ոչ նախազորակչի հետ չենք առնչվում:

Այսինքն, միայն տարիքի պատճառով են ձեզ աշխատանքից ազատել, նախարարը նման բան չի ասել:

Դա կարող եք հարցնել նախարարին: Ազատել, ընդունել, դա նախարարի իրավունքն է, իր ֆունկցիաների մեջ է մտնում: Բայց նախազորակոչային եւ զորակոչային աշխատանքները մեր ծառայության մեջ չի մտնում:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ձեր պաշտոնանկությունը  կապված է հունվարի 17-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ N զորամասի զինծառայող 18-ամյա Արմենակ Մկրտչյանի մահվան հետ:

Մատաղ, նախ, դա պաշտոնանկություն չի, դա ծառայությունից ազատել է ոչ թե հանգամանքների բերումով, այլ «Զինապարտության մասին» օրենքի համաձայն: Երկրորդը, դա չի կարող կապված լինել ձեր նշած մահվան հետ:

Դուք ձեր աշխատանքից գո՞հ եք:

Ինչի՞ եք այդքան խորանում, ուզո՞ւմ եք հարցազրույց, համեցեք մեր մոտ:

Իսկ ինչո՞վ եք զբաղվելու այժմ:

Ես որակյալ մասնագետ եմ, բարձրորակ, աշխատանքի լավ կազմակերպիչ եմ, ոչ թե վատ, բավական փորձ ունեցող` շուրջ 38 տարվա: Ես պարապ չեմ մնա եւ նաեւ պասիվ թոշակառու չեմ լինի:

Իսկ Սեյրան Օհանյանը ձեզ ի?նչ է ասել աշխատանքից ազատելիս, ինչպե՞ս է հիմնավորել, ասե?լ է, որ դժգոհ է ձեր աշխատանքից:

Անգամ եթե իմ եւ նախարարի մեջ խոսակցություն լինի, դա զուտ վերաբերում է ինձ ու նախարարին, դա մեր ներքին խնդիրն է: Իմ եւ պաշտպանության նախարարի մեջ կան շատ լավ հարաբերություններ եւ պաշտոնական, եւ անձնական, եւ ծառայության բերումով: Իմ նախարարը չի կարող լինել ոչ օբյեկտիվ, Սեյրան Օհանյանը մնում է ինձ համար իմ պաշտպանության նախարարը:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մտահոգում են բժշկական ծառայության աշխատանքի խնդիրները: Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նախարարը հայտնել է Ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանին  զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նշված ծառայության աշխատանքի բարելավման հարցով  նախօրեին կայացած սելեկտորային խորհրդակցության մասին: