Հայաստանի Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):

Զինվորական դատախազությունից հայտնում են, որ մինչ այդ` 29.08.2012թ., ձերբակալվել, այնուհետեւ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) մեղադրանքով կալանավորվել է «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը:

Դեռեւս 21.02.2013թ եւ 22.02.2013թ ձերբակալվել, անուհետեւ կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) եւ նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել եւ մեղադրանք է առաջադրվել նաեւ նույն զորամասի պահեստարանի պետին:

Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության եւ այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաեւ հասարակության աջակցությամբ, շարունակելու են հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը: