«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանը չի ցանկանում մեկնաբանություններ տալ իր եղբորը` Ռուբեն Մնացականյանին, կալանավորելու վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հեռախոսով նման հարցերի չի պատասխանում, իսկ հանդիպել չի կարող աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Նվեր Մնացականյանը հաստատեց, որ Ռուբեն Մնացականյանն իր միակ հարազատ եղբայրն է: Տեղյակ է նրա դեմ հարուցված քրեական գործի մասին, սակայն չասաց, թե որքանով է արդարացի համարում եղբորն առաջադրված մեղադրանքը:
Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե վերջինս ընտրություններին իշխանական թեկնածուի օգտին չի աշխատել եւ վրեժ են լուծում իրենից, Նվեր Մնացականյանն արձագանքեց, որ սխալ են այդպիսի մեկնաբանությունները: «Ինքը Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նա` այդպես էլ չհայտնելով, թե ում օգտին է աշխատել նախագահական ընտրություններին: Նվեր Մնացականյանից հաջողվեց նաեւ ճշտել, որ եղբայրն ամուսնացած, ունի երեխա, ապրում է Գյումրիում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ռուբեն Մնացականյանին մարտի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: «Վերջինս կալանավորված է, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը` Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ:
Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչեւ 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը: Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է:«Եվ չնայած Ռ. Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, Գյումրիում խոսում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից»,- գրել էր թերթը:




























