Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի յոթ դատավորները, որոնք ուրբաթ լույս շաբաթ գիշերը գտնվում էին կառույցի շենքում, դեռևս այնտեղ են։ Այս մասին հայտնել է «Մեդիայի չորս կողմերը» հաղորդաշարի վարող Մարեկ Տեյխմանը՝ վկայակոչելով դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկայային։ Տրիբունալի շենքի մոտ շարունակում են հերթապահել ոստիկանության կանխարգելիչ ստորաբաժանումները, փոխանցում է Polsat News-ը։
Շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում, Կորվին-Պյոտրովսկայան կարգադրել է փոխել դատարանի աշխատակարգը։ Մասնավորապես, նա չեղարկել է նախկինում տրված լիազորությունները, դատավորներին հորդորել աշխատել տրիբունալի շենքից դուրս, իսկ կառույցի աշխատակիցներին ազատել պարտականությունների կատարումից՝ պահպանելով նրանց աշխատավարձը։
Լեհաստանի Սահմանադրական տրիբունալում ճգնաժամը սրվել էր ուրբաթ օրը, երբ հայտարարվել էր դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարթլոմեյ Սոխանսկու լիազորությունների կասեցման մասին։ Ընդունված որոշման համաձայն՝ տրիբունալի աշխատանքը պետք է ղեկավարեր Կորվին-Պյոտրովսկայան, որին դատավոր էր ընտրել Սեյմի ներկայիս կազմը։
Դրանից հետո դատարանի շենքի մոտ սկսվել էին ցույցեր ու բախումներ, և դեպքի վայր էր ժամանել ոստիկանությունը։
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է Սենեգալ կատարած այցը և ժամանել տրիբունալի շենքի մոտ։ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա մտնում շենք։ Տեսանյութերում արձանագրվել է նաև նախագահի ներկայացուցիչների և Սեյմի ներկայիս կազմի ընտրած դատավորների միջև ծագած վեճը։ Հակամարտության մասնակիցները տեղի ունեցածը տարբեր կերպ են նկարագրում։
Շենքից հեռանալիս Նավրոցկին հայտարարել է խորհրդարանական ուժերի մասնակցությամբ հրատապ խորհրդակցություններ անցկացնելու մասին՝ մատնանշելով սահմանադրական կարգի խախտումը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հերթին իրավունքի գերակայության վերականգնումը որակել է որպես իշխանությունների պարտականություն։





























